Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրությանը կներկայացվի 16 նախագիծ

Հուլիսի 15-ին տեղի կունենա Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրությունը, որին մասնակցում են 16 աշխատանքներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպությունը հայտարարել էին Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ, որի նպատակն էր հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:

Լավագույն 3 աշխատանքները ներկայացնող թիմերին/անհատներին կշնորհվեն հետևյալ մրցանակները.

  • Առաջին տեղ՝ 900.000 ՀՀ դրամ
  • Երկրորդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ
  • Երրորդ տեղ՝ 350.000 ՀՀ դրամ

Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն: Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ: Հայեցակարգերի մրցույթին հնարավորություն ունեին մասնակցելու ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, ինչպես նաև իրավաբանական անձինք` ճարտարապետական նախագծման կազմակերպություներ:

Նշենք, որ մրցույթն իրականացվում է Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: Ցուցադրությունը տեղի կունենա ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում (Ռոմանո-գերմանական ֆակուլտետ):