Հայկական Shadowmatic-ը մի քանի նորություն ունի

Հայկական Shadowmatic-ը մի քանի նորություն ունի

Triada Studia-ն թողարկել է Shadowmatic հանրաճանաչ խաղի անվճար տարբերակը, որը կոչվում է Shadowmatic Lite: Ինչպես հիմնական խաղը, այնպես էլ Lite-ը հասանելի է առայժմ միայն iOS օպերացիոն համակարգի համար: Այս մասին ittrend.am-ին ասաց Triada Studio-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը:

Այժմ թիմն աշխատում է երկու ուղղությամբ` մշակում է խաղի Android հավելվածը, որը կթողարկվի այս աշնանը, և պատրաստում է մեծ թարմացում, որը ևս պատրաստ կլինի երկու-երեք ամսվա ընթացքում:

Ընկերության տեխնիկական տնօրենը տեղեկացրեց նաև, որ այժմ խաղը զեղչված է, կարելի է բեռնել 3 անգամ ավելի ցածր գնով (0.99$), քան սովորաբար: Իսկ որոշ երկներում` Չինաստան, Մեքսիկա, Ռուսաստան և այլն, գինն իջեցվել է 6 անգամ` դառնալով 0.45$:

«Ցավոք այս պահին դեռ հնարավորություն չկա տարբեր երկրների համար տարբեր գին սահմանել, բայց սեպտեմբերից հետո կարծես թե Apple-ը կգործարկի նման հնարավորություն»,-ասաց Բագրատ Դաբաղյանը:

Ինչ վերաբերում է Lite տարբերակին, ապա այն ունի 14 մակարդակներ, որոնք թույլ կտան խաղացողին ինչպես հարկն է ծանոթանալ խաղին, այնուհետև ցանկության դեպքում գնել ամբողջական տարբերակը:

Հիշեցնենք, որ 2016-ի մարտին Shadowmatic խաղը International Mobile Gaming Awards (IMGA) միջազգային մրցանակաբաշխությանը ճանաչվեց հաղթող երկու անվանակարգերում «Լավագույն տեխնիկական նվաճում» և «Հանդիսատեսի համակրանք»: Իսկ 2015թ. հունիսին այն արժանացավ Apple Design Award (ADA) մրցանակի, իսկ մայիսին կայացած DevGAMM 2015 Awards մրցանակաբաշխությանը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգում՝ Գերազանցություն տեսողական արվեստում (Excellence in Visual Art) և Լրատվամիջոցների ընտրություն (Media Choice Award):

Խաղի ստեղծման պատմության, ընկերության հետագա ծրագրերի մասին ittrend.am-ի հարցազրույցը Triada Studio ընկերության տնօրեն Արա Աղամյանի հետ կարդացեք այստեղ։