Երևանում տեղի է ունեցել «Մայքրոսոֆթը բիզնեսի համար» կոնֆերանսը

«Արդյունավետություն, նորարարություն և անվտանգություն». սա էր «Մայքրոսոֆթը բիզնեսի համար» (Microsoft for Business: Productivity, Innovation, Security) կոնֆերանսի հիմնական և օրակարգային թեման, որն այսօր համախմբել էր Հայաստանի գործարար աշխարհի ավելի քան 120 ներկայացուցիչների՝ քննարկելու բիզնեսի ժամանակակից միտումները ամպային տեխնոլոգիաների դարում:

Կոնֆերանսին մասնակցող ընկերությունների տնօրենները, ՏՏ և մարդկային ռեսուրսների ղեկավարները այսօր ծանոթանում էին բիզնեսի տեխնոլոգիական վերազինման նորագույն մոտեցումներին և իրենց հուզող հարցերի պատասխանները ստանում «Մայքրոսոֆթ» և «Սոֆթլայն» ընկերությունների առաջատար մասնագետներից, ովքեր ժամանել էին Հայաստան իրենց փորձառությամբ կիսվելու նպատակով:

Կոնֆերանսի բացմանը, ի թիվս արտասահմանյան խոսնակների, ելույթով հանդես եկան «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը և «Սոֆթլայն» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Սարգիս Հարությունյանը: Կոնֆերանսի օրակարգում քննարկվեցին նաև այն գործիքներն ու ծրագրային լուծումները, որոնք բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունն ու անվտանգությունը:

Նշենք, որ «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը և «Սոֆթլայն» ընկերության հայաստանյան գրասենյակը տարեկան առնվազն մեկ անգամ նման ֆորմատի կոնֆերանսներ են կազմակերպում՝ խթանելու Հայասանում փոքր և միջին բիզնեսների ՏՏ պատրաստվածությունն ու զարգացումը: