Մեկնարկում է 12-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը

Սեպտեմբերի 30-ին մեկնարկում է «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող 12-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը: ԴիջիԹեքն այս տարի հատկանշական է ոչ միայն մասնակիցների թվով և լայն աշխարհագրությամբ, այլ նաև ռազմավարական խնդիրների առաջնահերթությամբ և իրականացմամբ:

ԴիջիԹեք 2016-ը համախմբել է 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների: Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով: Ցուցահանդեսին մասնակցնում են նաև այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ Keysight Technologies, VMware, PicsArt, Ucom, Joomag, VOLO, Festo, Rusbase, Monitis, IUNetworks, ArmSoft, Huawei ընկերությունները, Արմաթ, Թումո կրթական կենտրոնները և այլն:

ԴիջիԹեքի շրջանակում ռուսական GenerationS աքսելերատորի կողմից կանցկացվի մրցույթ տեխնոլոգիական բոլոր ստարտափների համար: Կանցկացվի նաև «Նորարարության և գյուտարարության ֆորում»՝ ԱՐՓԱ-յի կողմից:

Եռօրյա տոներին կլինի նաև «Robofest» ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործող շուրջ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման ու ռոբոտաշինության ոլորտներում: Տեղի կունենա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն: Ցուցահանդեսի ամբողջական օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:

Նշենք, որ ԴիջիԹեք ամենամյա ցուցահանդեսի նպատակն է ստեղծել բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, տնտեսության այլ ճյուղերի և հասարակության միջև հաղորդակցման բարենպաստ միջավայր, ընդլայնել միջազգային համագործակցությունը և յուրաքանչյուր տարի ներկայացնել ՏՀՏ դաշտի ձեռքբերումներն ու առկա մարտահրավերներն ու հեռանկարները:

Հավելենք, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, իսկ Պլատինե հովանավորն է Ucom կապի միասնական օպերատորը: