​Երկու պիքսել, մեկ օգնական. Google-ը ներկայացրեց իր մշակած առաջին սմարթֆոնները

Google-ը երեկ երեկոյան կայացած միջոցառմանը ներկայացրեց միանգամից մի քանի նոր սարք. իր մշակած առաջին սմարթֆոնները, ռոուտեր ու VR-սարք: Բացի այդ` ընկերությունը կիսվել է Google Assistant վիրտուալ օգնականի մասին մանրամասներով:

Google Pixel և Google Pixel XL

Այս մոդելները Google-ի առաջին սմարթֆոններն են, որոնք թողարկվել են բացառապես Google ապրանքանիշի ներքո: Հեռախոսներն ամբողջությամբ մշակվել են Google-ի կողմից` բացի չիպից:

5-դյույմանոց էկրանով Google Pixel-ի հաստությունը 8,6 մմ է, իսկ լայնությունը` 69,2 մմ, իսկ երկարությունը` 143,8 մմ: Մարտկոցի տարողությունը 2770 մԱժ է: Սարքը կշռում է 143 գրամ:

Google Pixel-ն ունի FullHD թույլատրելիությամբ AMOLED-էկրան, 12 ՄՊ հիմնական ու 8 ՄՊ դիմային տեսախցիկներ, Qualcomm Snapdragon 821 քառամիջուկ պրոցեսոր` 2,15 ԳՀց հաճախականությամբ, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն:

Սմարթֆոնը հասանելի է 32 կամ 128 ԳԲ ներքին հիշողության ծավալներով, ունի USB-C մուտք և արագ լիցքավորման հնարավորություն:

Ինչ վերաբերում է Pixel XԼ մոդելին, ապա այն ունի 5,5 դյույմանոց AMOLED-էկրան`QuadHD թույլատրելիությամբ (2560 x 1440 պիկսել): Այս մոդելն ունի ավելի տարողունակ մարտկոց` 3450 մԱժ: Սարքի չափսերն են 154,7 x 75,7 x 8,6 մմ:

Միջոցառմանը հատուկ ուշադրություն է դարձվել Pixel XL-ի 12,3 ՄՊ տեսախցիկին, որը շատ արագ է միանում, ավտոմատ կարողանում է ընտրել լավագույն կադրը: Տեսանյութ նկարելիս պատկերի հստակեցումը կատարվում է ներկառուցված գիրոսկոպի միջոցով:

https://youtu.be/Rykmwn0SMWU

Google Assistant

Ընկերությունը հանրությանը ներկայացրեց նաև Google Assistant ձայնային օգնականը, որն աշխատում է անընդհատ կատարելագործվող արհեստական ինտելեկտով: Այն կարողանում է գտնել, օրինակ, կոնկրետ օրն արված լուսանկարը, միացնել անհրաժեշտ հավելվածները և այլն: Assistant-ը կարող է ձեր փոխարեն տաքսի կանչել, սեղան պատվիրել ռեստորանում:

Սմարթֆոնները հասանելի կլինեն ԱՄՆ-ում արդեն այսօրվանից: Մոդելների գինը սկսում է 649 դոլարից. այդքան արժե 5 դյույմանոց Pixel-ը` 32 ԳԲ ներքին հիշողությամբ: 128 ԳԲ տարբերակը կարժենա 749 դոլար, իսկ 5,5 դյույմանոց Pixel XL-ը` 769 դոլար (32 ԳԲ) և 869 դոլար (128 ԳԲ): Հեռախոսները հասանելի կլինեն սև ու սպիտակ տարբերակներով, սակայն ԱՄՆ-ում գործող Verizon բջջային օպերատորը կվաճառի նաև վառ կապույտ երանգով Pixel-ներ: