Բոլոր կինոթատրոնները` մեկ տեղում. թողարկվել է HiFilm հայկական հավելվածը

Գործարկվել է նոր հայկական հավելված` HiFilm, որը թույլ է տալիս տեսնել բոլոր հայկական կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերը, համեմատել ժամերը, տոմսերի գները: «Հավելվածը հնարավորություն է տալիս նաև պատվիրել առկա ամենահարմար տոմսերը, ինչ վերաբերում է վճարելուն, ապա հնարավոր է տոմսերի առաքում ձևակերպել կամ վճարել հավելվածի միջոցով` օգտագործելով` ArCa վճարային համակարգը»,-ittrend.am-ի հետ զրույցում պատմեց ստարտափի հիմնադիր Արման Քուչուկյանը:

Վճարումը կատարելուց հետո օգտագործողը կստանա իր էլ-փոստին էլեկտրոնային տոմսը, որը պետք է ցույց տալ կինոթատրոնում: Իսկ առաքումից օգտվելու համար պետք է պատվիրել տոմսը առնվազն 3 ժամ առաջ, առաքման վճարն է 500 դրամ: HiFilm-ն ունի նաև նորությունների բաժին, որտեղից կարելի է տեղեկանալ շուտով ցուցադրվող ֆիլմերի մասին:

Հետագայում օգտագործողները կկարողանան հավելվածի միջոցով տեղեկանալ, թե ինչ կարծիք ունեն իրենց ընկերները արդեն դիտած ֆիլմերի մասին:

Քուչուկյանի խոսքով` հավելվածը պատրաստ է մուտք գործել ցանկացած երկիր: Այժմ այն սպասարկում է միայն Երևանը, Գյումրին ու Ստեփանակերտը:

Հավելվածի Android ու iOS տարբերակները բեռնելու համար այցելեք www.hifilm.am: