Հայաստանը՝ ինովացիոն ու տեխնոլոգիական երկիր

Հայաստանը՝ ինովացիոն ու տեխնոլոգիական երկիր

2016 թվականի հոկտեմբերը տեխնոլոգիական ոլորտում նշանավորվեց կարևոր իրադարձությամբ. Հայաստանի 3-րդ քաղաքում՝ Վանաձորում, պաշտոնապես բացվեց գերժամանակակից և ինժեներական սարքավորումներով հագեցած տեխնոլոգիական կենտրոն: Նախատեսվում է, որ 2-3 տարիների ընթացքում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կվերապատրաստվի առնվազն 4000 մասնագետ, կստեղծվի 900 աշխատատեղ, կիրականացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր, կձևավորվի ճարտարագիտական կլաստեր: Այս մասին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը  «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած ասուլիսին:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված օրինակով մշակվել և իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ծրագիրը, Կապանում հիմնվել է մոբայլ լաբորատորիա, Արցախում՝ ՏՏ կենտրոն: Բանախոսի խոսքով՝ նմանատիպ կենտրոնները դառնում են մարզի և քաղաքի կարևոր տնտեսական բաղադրիչ՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ապահովելով հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների մուտքը տվյալ քաղաքներ, պատրաստելով և վերապատրաստելով բազմաթիվ մասնագետներ, աջակցելով տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարներ: Առհասարակ, տեխնոկենտրոնները ոչ միայն զբաղվում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմամբ, ներդրումների խթանմամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, այլ նաև նպաստում են ներգաղթին, կերտում են որոշակի մշակույթ, մտածելակերպ, աշխարհայացք, կատարում են ուղղորդիչ դեր և, ամենակարևորը, իրենց շուրջ ձևավորում են երիտասարդության համար գրավիչ և ուրույն միջավայր:

Ներկայումս Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործում են 25 ընկերություններ, որոնցից 2-ը՝ ամերիկյան, 1-ը՝ ֆրանսիական, 1-ը՝ թայվանական և 18-ը՝ երևանից: Կենտրոնի շնորհիվ վերապատրաստվել է ավելի քան 5900 երիտասարդ, ստեղծվել է 500 նոր աշխատատեղ, ավելի քան 50 ընկերություն ստացել է աջակցություն, որոնցից 12-ը ստացել է հետագա ֆինանսավորում:

«Կարող ենք փաստել, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանի այն եզակի ոլորտներից է, որը զարգանում է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում. ՏՏ լուրջ ներուժ կա ողջ երկրում: Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հասել է մի հանգրվանի, երբ կան հաջող նախաձեռնություններ շղթայի բոլոր օղակներում. տեխնոլոգիական կենտրոններ ու լաբորատորիաներ՝ մարզերում, կրթական, ինովացիոն կենտրոններ, ինկուբատորներ, վենչուրային հիմնադրամ՝ Երևանում և այլն: Իսկ շղթայի սկիզբը դրվեց 2002 թվականին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ստեղծմամբ: Կազմակերպությունը հիմնադրվել է Համաշխարհային Բանկի «Ձեռնարկությունների Ինկուբատոր ծրագրի շրջանակում և հանդիսանում է եզակի ու հաջողված նախաձեռնություն ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ, իսկ այժմ նաև ինժեներական ոլորտի պետական կարևորության խոշոր ծրագրերը իրականացվում են հենց ՁԻՀ-ի կողմից»,-ասաց Ենգիբարյանը:

Կարևորելով շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ կադրերի վերապատրաստման գործառույթը, երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացումը և սկսնակ թիմերին ու ընկերություններին աջակցությունը՝ 2002 թվականից ի վեր Երևանում ՁԻՀ նախաձեռնությամբ ստեղծվել են մի շարք ուսումնական, ինովացիոն կենտրոններ: Այդ կոնտեքստում պետք է նշել արդեն իսկ կայացած, ԵՊՀ-ում գործող հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը, Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և ANEL –ը (Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ), որը լիարժեք ընդգրկված է համալսարանի կրթական գործընթացում, որպես պրակտիկ փորձարկումների ու հետազոտական աշխատանքների ժամանակակից հարթակ: Նոյեմբերի 10-ին կրկին ԵՊՀ տարածքում պաշտոնապես կբացվի նաև ISTC նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը: Վերազգային կազմակերպությունների հետ համատեղ ստեղծվող համանման կենտրոնները, հատկապես տեղակայված լինելով բուհական միջավայրերում, նորարարական մշակույթ են ներմուծում Հայաստան: Ձեռնարկությունների ինկուբաատոր հիմնադրամի աջակցության շնորհիվ տարեկան պատրաստվում և վերապատրաստվում են ավելի քանի 3000 մասնագետներ, 50-ից ավել կազմակերպություններ ստանում են աջակցություն, ներգրավում են ներդրումներ, այդ թվում՝ վենչուրային:
Այս մեծ շղթան եզրափակում են Ջրվեժում կառուցվող ինժեներական քաղաքի ու կիբերանվտանգության գերազանցության կենտրոնի ծրագրերը. հայաստանյան տեխնո ապագայի ծրագրեր, որոնց շնորհիվ աշխարհի տեխնոլոգիական քարտեզում Հայաստանը ավելի կամրապնդի իր դիրքը որպես ինովացիոն երկիր:

Հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի հետազոտության արդյունքներով` 2015թ. ոլորտում արձանագրվել է 15-20% աճ: 2014թ. համեմատ ավելացել է նաև ՏՏ ոլորտի ընկերությունների և զբաղվածների թիվը, ինչպես նաև աճել է ոլորտի շրջանառությունը: 2015թ. ոլորտի ընկերությունների թվաքանակը կազմել է 450` 2014թ. 396-ի փոխարեն, ոլորտում ներգրավված է 13000 (սպասարկող անձնակազմի հետ միասին՝ ավելի քան 15000) մասնագետ` 2014թ. 11560-ի դիմաց, ոլորտի շրջանառությունը կազմել է 550 մլն ԱՄՆ դոլլար` 2014թ. 474.9 մլն դոլլարի փոխարեն:

Բաժիններ: Հայաստան