Հայկական սթարթափը թույլ է տալիս գումար աշխատել ֆեյսբուքյան գրառումների համար

Հայկական Rumors ընկերությունը գործարկել է նոր Social Bridge հարթակը, որը թույլ է տալիս գումար աշխատել ֆեյսբուքյան գրառումների համար:

Այս հարթակը կապ է ստեղծում կազմակերպությունների և սոցցանցերի օգտատերերի միջև: Կազմակերպությունները կարող են մոնիթորինգ անցկացնել, տեղեկանալ Facebook-ում ամենաքննարկվող թեմաների մասին, հետևել օգտատերերի արձագանքներին ու կարծիքներին:

Facebook-ի օգտատերեը կարող են գրանցվել և հրապարակումները կհայտնվեն նաև այս հարթակում, որոնց դիտումների ու տարածումների հաշվին գումար կավելանա հաշվեկշռին, այնուհետև հնարավոր է գումարը կանխիկացնել բանկային քարտով: Սակայն օգտատերն ինքն է որոշում, թե որ հրապարակումները տեսանելի լինեն կազմակերպություններին: Խմբերում, ընկերների կամ այլ էջերին արված հրապարակումները չեն տեղադրվում հարթակում:

Հրապարակման դիտման դեպքում  ծանուցում կգա էլ փոստին, որտեղ հնարավոր է տեսնել հաշվեկշռի վերջնական մնացորդը։  Իսկ երբ ընկերությունները ցանկանան տեսնել ձեր ոչ տեսանելի հրապարակումները, այս դեպքում նույնպես կստանաք նամակ, որտեղ կարող եք հաստատել կամ մերժել հարցումը։

itTtrend-ի հետ զրույցում Rumors ընկերության համահիմնադիր Մուշեղ Գևորգյանը հայտնեց, որ արդեն ունեն 2000-ից ավելի գրանցված օգտատերեր. «Social Bridge-ը եկել է լուծելու  մեդիամոնիթորինգի խնդիրը սոցցացերում: Հուսով ենք, որ առաջիկայում էլ ավելի ակտիվ աճ կգրանցվի և՛ օգտատերերի, և՛ կազմակերպությունների կողմից: Մյուս տարի կսկսենք արդեն աշխատել ներդրումներ ներգրավելու վրա»:

Նշենք, որ սթարթափը  այս տարի «Գաղափարից դեպի շուկա» մրցույթում ընդգրկվել է հաղթող թիմերի կազմում:

Նունե Գրիգորյան