ArmCulture AR հավելվածը «կենդանացնում է» արձանները

ARLOOPA ընկերությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ստեղծել է ArmCulture AR hավելվածը, որի միջոցով հնարավոր է տեսնել արձանների եռաչափ անիմացիոն պատկերները, լուսանկարվել դրանց հետ, լսել ուղեկցող ձայնային հաղորդագրություններ և ստացված նկարներով կիսվել սոցցանցերում: Հավելվածը թույլ է տալիս լրացված իրականության (Augmented Reality) շնորհիվ «կենդանացնել» Հ. Թումանյանի և Ա. Սպենդիարյանի հուշարձանները:

Հավելվածի նպատակն է նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով երիտասարդությանը ավելի հասանելի և գերժամանակակից տարբերակով ծանոթացնել սեփական մշակույթին:

Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է սմարթֆոնով կամ պլանշետով սկանավորել արձանների պատվանդաններին փակցված ստորագրության պատկերներով «մարկերները» և արդյունքում կհայտնվեն հուշարձանների 3D անիմացիաներ՝ ձայնային հաղորդագրությունների ուղեկցությամբ: Կարելի է նկարվել այդ անիմացիոն մոդելի հետ և կիսվել նկարներով սոցցանցերում։

Նշենք, որ հավելվածն անվճար է, հնարավոր է ներբեռնել Play Market-ից: Այն արդեն հասանելի է նաև App Store-ում:

Հետագայում նախատեսվում է հավելվածում ընդլայնել արձանների թիվը և ավելացնել լրացուցիչ լեզուներ, որպեսզի այն հասանելի դառնա նաև զբոսաշրջիկների համար` հնարավորություն ընձեռելով  յուրօրինակ ու նոր տարբերակով ծանոթանալ հայկական մշակույթին:

https://www.facebook.com/ARMMINCULT/videos/1171009032953394/