YerevaNN-ը նախաձեռնում է ստեղծել հայերենի քերականական վերլուծիչ

YerevaNN հետազոտական կենտրոն նախատեսում է ստեղծվել հայերենի քերականական վերլուծիչ, որը պիտի կարողանա վերլուծել հայերեն նախադասությունները՝ պարզել խոսքի մասերը, գտնել ենթական, ստորոգյալը, նախադասության մյուս անդամներն ու դրանց միջև կապերը: Այսպիսի վերլուծիչները լեզվի ճանաչման ամենապարզ գործիքներից են, արդեն գոյություն ունեն բազմաթիվ լեզուների համար, բայց ոչ հայերենի: Այս մասին հայտարարել է YerevaNN-ի հիմնադիր Հրանտ Խաչատրյանը:

Նախագիծն իրականացվելու է երկու փուլով`

Առաջին փուլում նախատեսվում է ստեղծել ինտերֆեյս, որի միջոցով լեզվաբանները հեշտությամբ կմուտքագրեն մի քանի հազար նախադասությունների մանրամասն վերլուծություններ: 

Երկրորդ փուլում կստեղծվի ծրագիր, որը կկարողանա սովորել պրոֆեսիոնալ լեզվաբանների արած վերլուծություններից և սովորածը կիրառել նոր նախադասությունների համար:

Նախագիծը սկսվելու է փետրվարից և շարունակվելու է մինչև դեկտեմբեր: Բոլոր ստեղծված ծրագրերը տեղադրվելու են GitHub-ում, որոնք դառնալու են ազատ և հասանելի բոլորի համար: Նախագիծը ղեկավարելու է «Յավրուհրատ» նախաձեռնության հեղինակ ու ղեկավար Մարատ Յավրումյանը:

Այս նախաձեռնության վրա աշխատանքի համար կարող են դիմել ուսանող ծրագրավորողները: YerevaNN-ը կուղղորդի, կտրամադրի ուսուցողական նյութեր և այլն:

Նշենք, որ 2016-ի դեկտեմբերին YerevaNN-ը գործարկեց խորը ուսուցման (deep learning) ուղեցույց, որը կօգնի արագ կողմնորոշվել deep learning ուսումնասիրելիս: Այստեղ YerevaNN-ի թիմը փորձել է ծածկել դրա գրեթե բոլոր ենթաճյուղերը, բացի deep reinforcement learning-ի: Ոիղեցույցը մեծ արձագանք գտավ միջազգային ու տեղական հարթակներում:

«ԵրևանԷն» հիմնադրամի հայերեն լեզվի մշակման գործիքների մասին itTrend-ի հետ Հրանտ Խաչատրյանի զրույցը կարող եք կարդալ այստեղ:

Նունե Գրիգորյան