Կայացավ Հանրային նորարարության մրցանակաբաշխությունը

Այսօր տեղի ունեցավ «Հանրային նորարարության մրցանակաբաշխության արարողությունը»: Ամփոփվեցին պետական ծառայողների շրջանում անցկացված նորարար գաղափարների մրցույթի արդյունքները: Սա առաջին նորարական մրցույթն էր պետական հատվածում, որի ընթացքում  քրաուդսորսինգի միջոցով հավաքագրված նորարարար գաղափարները միտված էին լուծելու պետական համակարգում աշխատանքի ընթացքում առաջ եկած խնդիրները:

Այն կազմակերպվել էր Կոլբա նորարարական լաբորատորիայի կոմից, «Հանրային կառավարման նորարարության շաբաթվա» (#PSIweek) շրջանակում:

Նպատակը՝ օգտագործել պետական կառավարման համակարգի ներսում կուտակված գիտելիքը և փորձը՝ աշխատանքային գործընթացներն օպտիմիզացնելու, հանրային ծառայություններն առավել մասնակցային դարձնելու և հետադարձ կապի արդյունավետ գործիքակազմի ներդրման համար: Մրցույթը հայտարարված էր Կառավարության աշխատակազմում և ՀՀ արդարադատության նախարարությունում:

Կոլբա Լաբի ղեկավար Մարինե Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պետական ծառայողները ներկայացրել էին 23 գաղափար, սակայն  սպասումներն ավելին էին: «Մենք սպասում էինք ավելի շատ գաղափարներ ստանալ: Մենք արեցինք նախնական հանդիպումներ, որոնց ընթացքում աշխատակիցները կարող էին ներկայացնել իրենց գաղափարները և մենք էլ օգնեինք ռեալիզացնելու հարցում: Ամեն դեպքում մյուս փուլերում կարծում եմ ավելի շատ կլինեն գաղափարները»:

Հաղթող գաղափարներն են՝

  • Ծննդյան գրանցման ընթացակարգերի օպտիմիզացում – Նանե Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարարություն)

itTrend-ի հետ զրույցում Նանեն հայտնեց, որ այս գաղափարի միջոցով հնարավոր է երկու էլեկտրոնային ծրագրեր միմյանց հետ կապելու արդյունքում երեխայի ծննդյան ակտը գրանցելու հետ միաժամանակ ծնողները միանգամից կկարողանան դիմել երեխայի ծննդյան նպաստ ստանալու համար: Այս երկու գործողությունները համատեղելով ավելի կհեշտանա ծննդյան գրանցման և նպաստի ձևակերպման ընթացակարգը:

  • Կառավարության ծառայությունների առցանց խորհրդատու – Դիանա Ղազարյան, Աննա Հարությունյան (ՀՀ արդարադատության նախարարարություն)
  • Պետական մարմիններին հարցումներ ուղարկելու միասնական տեղեկատվական առցանց հարթակ – Շուշան Դոյդոյան (ՀՀ Արդարադատության նախարարություն)

Հատուկ մրցանակի արժանացավ ՀՀ արդարադատության նախարարարության աշխատակից Ժենյա Հարությունյանը, ով առաջարկել էր քաղաքացիների հարցումները ՀՀ արդարադատության նախարարություն իրականացնել առցանց: Առաջարկն արդեն իրականացման փուլում է:

  • ՀՀ կառավարության աշխատակազմի բիզնես պրոցեսներն օպտիմիզացնող ներքին համակարգ – Արամ Ասատրյան (ՀՀ Կառավարություն)
  • Սպառողների իրավունքների պաշտպանության բջջային հավելվածի ստեղծում- Լուսինե Թովմասյան (ՀՀ Կառավարություն)
  • ՀՀ կառավարության նիստերի առցանց հեռարձակում – Արամ Ասատրյան (ՀՀ Կառավարություն)

Մրցանակաբաշխության արարողողության ընթացքում լավագույն գաղափարների հեղինակները ստացան մրցանակներ և հավաստագրեր: Լավագույն ծրագրային առաջարկները հնարավորություն կունենան անցնել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա նորարարական լաբորատորիայի ինկուբացիոն շրջանը՝ գաղափարների մշակման և փորձարկման համար: