Apple-ը 3 ամսում 78 մլն. iPhone է վաճառել

Apple ընկերությունը սահմանել է iPhone-ների վաճառքի նոր ռեկորդ: Ընկերությունը պաշտոնապես հայտնել է նոր ռեկորդի մասին:

Խնձորային ընկերության ղեկավար Թիմ Քուքը հայտարարել է iPhone-ների վաճառքից ստացված եկամուտը գերազանցում է ընկերության պատմության ընթացքում երբևէ գրանցված բոլոր ռեկորդները: «Մենք սահմանել ենք  բոլոր ժամանակների ստացված եկամուտների ռեկորդ՝ iPhone-ի, Mac-ի, Apple Watch-ի վաճառքն ու ծառայությունները միասին վերցված»,-նշել է Թիմ Քուքը:

Ընկերությունն ստացել է 78.4 մլրդ. դոլար եկամուտ և վաճառել 78 մլն. iPhone: Վերջին շրջանում նկատվում էր iPhone-ների նկատմամբ հետաքրքրության պակաս և նշվում էր եկամուտների անկում, բայց ընկերությունը հայտնել է, որ  iPhone 7-ը ներկայացնելուց հետո իրենց սպառողների թիվն աճել է և հետաքրքրությունը մեծացել է իրենց արտադրանքի հանդեպ, բայց iPad-ի սպառումն այնուամենայնիվ նվազում է: Apple Watch-ը նույնպես գրանցել է վերջին ժամանակների լավագույն արդյունքը:

Աշխարհում  մոտ մեկ միլիարդ ակտիվ iOS օգտատեր կա և ծառայություններից ստացված հասույթը նույնպես աճել է: Այդ թվում են Apple Pay-ից, iCloud-ից Apple Music-ից ու App Store-ից ստացված եկամուտը, որը համեմատած նախորդ տարվա առաջին եռամսյակի հետ գրանցել է 18 տոկոս աճ՝ հասնելով 7.17 մլրդ. դոլարի:  Թիմ Քուքը նշել է, որ ընկերության այս սեգմենտը ամենաարագ աճողներից է: