Beeline-ը վերականգնել է EasyPay տերմինալներով վճարում կատարելու հնարավորությունը

Beeline-ը վերականգնել է EasyPay տերմինալներով վճարում կատարելու հնարավորությունը

Beeline-ը վերականգնել է Իզի Փեյ ընկերության տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորությունը: Beeline բջջային կապի ծառայությունների դիմաց բաժանորդները կարող են վճարում կատարել հետևյալ պայմաններով՝ 10-ից մինչև 50 դրամ, նաև 1,000-ից մինչև 70,000 վճարման դիմաց գումար չի գանձվի: 51-ից մինչև 999 վճարման դիմաց կգանձվի 30 դրամ:

Նշենք, որ երեկ Beeline-ը հայտարարություն էր տարածել, ըստ որի,  այսօրվանից դադարեցնում է Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունումը:

Որպես դադարեցման պատճառ նշված էր՝ բաժանորդների հանդեպ այդ ընկերությունների անհավասար միջնորդավճարային քաղաքականության դրսևորումը:

«Բջջային կապի դիմաց վճարային տերմինալների միջոցով կատարվող վճարումների ժամանակ մյուս օպերատորներից 1001 և ավել դրամ վճարումներն ընդունվում են առանց որևէ հավելյալ միջնորդավճարի, իսկ Beeline-ի  բջջային կապի դիմաց միջնորդավճարը չի պահվում միայն սկսած 10 000 դրամից»,- նշված էր հայտարարությունում:

Beeline-ն առաջարկել է  Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերություններին չգանձել միջնորդավճար 1000 և ավել դրամ վճարման դեպքում: Սակայն ստացել է մերժում, ինչի արդյունքում դադարեցրել է տերմինալների միջոցով վճարումների ընդունումը:

Ընկերությունը տեղեկացնում է, որ վճարումը հնարավոր է իրականացնել ընկերության վաճառքի գրասենյակներում, բանկերում, կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով: