Invest in Armenia. Գործարկվել է ներդրումային ծրագրերի նոր հարթակ

Invest in Armenia. Գործարկվել է ներդրումային ծրագրերի նոր հարթակ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գործարկել է Invest in Armenia ներդրումային ծրագրերի նոր հարթակ: Նպատակը՝ Հայաստանում առկա ներդրումային ծրագրերը ներկայացնել պոտենցիալ ներդրողներին, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև բիզնես համաժողովների, հանդիպումների ժամանակ բոլոր հետաքրքրվողներին ներկայացնելու միջոցով նպաստել Հայաստանում ներդրումային ծրագրերի իրագործման ընթացքին:

Ներկա դրումթյամբ հարթակում ներկայացված է 35-ից ավելի նախագիծ, որոնք ընդգրկում են կապի և տրանսպորտի ոլորտից մինչև զբոսաշրջության ոլորտը: Ինֆոգրաֆիկայով տեղեկություն է տրամադրվում այցելուներին Հայաստանում ներդրումներ կատարելու գրավչության և շահեկանության վերաբերյալ:

Ներկայացված են արևային մարտկոցների տեղադրման ծրագրից մինչև տվյալների բազայի կենտրոնի կառուցման նախագիծը: Հնարավոր է ծանոթանալ ծրագրի մանրամասներին՝ նկարագրությանը, անհրաժեշտ գումարին, ներդրումային պլանին և այլն:

Invest in Armenia կայքում գործում է նաև ինտերակտիվ քարտեզ, որտեղ հնարավոր է տեսնել կայքում գրանցված ծրագրերը՝ ըստ քաղաքների ու մարզերի: Երևանում ներկայումս գրանցված է 21 ծրագիր, 4-ականն ծրագրեր Սյունիքի և Կոտայքի մարզերում, 3-ը՝ Գեղարքունիքի մարզում, մեկական ծրագրեր էլ Լոռում, Արագածոտնում և Վայոց Ձորում:

itTrend-ի հետ զրույցում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հաղորդեցին, որ կատարվում է իրատեսական ներդրումային ծրագրերի հավաքագրում, մասնավոր հատվածից ներդրումային ծրագրեր ունեցողները կարող են համագործակցել և ներկայացնել իրենց ծրագիրը: Որից հետո համապատասխան մասնագետները կքննարկեն և հետադարձ կապ կհաստատեն հետագա համագործակցության համար:

Կայքը կապող հարթակ կլինի ներդրողների և ներդրումային նախագծեր առաջարկողների համար: Կայքում պարբերաբար կավելացվեն և կթարմացվեն իրատեսական և հետաքրքիր ներդրումային ծրագրերը: