SMART Լոռու լոկոմոտիվը կարող է դառնալ Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնը

Լոռին SMART մարզ դառնալու ճանապարհին է: SMART մարզի լոկոմոտիվը կարող է դառնալ նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Մարզում բոլոր լուծումները, իրականացվող արտադրությունները, ծառայությունները, առողջապահական համակարգը ինովացիոն լուծումների կիրառմամբ ժամանակակից տեխնոլոգիական զարգացմանը համապատասխանեցնելու գործում ՎՏԿ բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանը առաջնային է համարում կրթությունը:

itTrend-ի հետ զրույցում Պատվական Հախինյանը ներկայացրել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մինչ այժմ իրականցված նախագծերի թվային պատկերը: «Բուն Գործունեությունը սկսվել է 2014թ. վերջից, 2 տարվա ընթացքում կրթական մի շարք ծրագրեր ենք իրականացրել, վերապատրաստել ենք 200-ից ավելի ՏՏ մասնագետ:

Բացի այդ սերտ համագործակցում ենք մարզում գործող ձեռնարկությունների հետ, աջակցում ենք նրանց տեխնոլոգիական առաջխաղացմանը, շուկայում իրենց ապրանքների առաջընթացին: Նրանց համար ապահովում ենք մրցույթների, միջազգային ծրագրերի հասանելություն:

65-ից ավելի թիմերի աքսելերացիա, խորհրդատվական ծառայություններ ենք տրամադրում: Կենտրոնի տարածքից ազատ օգտվելու հնարավորություն: Հասունացնում ենք թիմերը, բիզնես գաղափարը, որպեսզի դառնան ինքնուրույն բիզնես»:

Կենտրոնը համագործակցում է նաև դպրոցների հետ՝ անվճար հիմունքներով: Ըստ նրա տվյալների՝  1000-ից ավելի աշակերտների համար արդեն իսկ կազմակերպել են ծրագրավորման անվճար դասընթացներ:

«Հիմա այն փուլում ենք, որ մեր ռեսուրսը զուտ չի բավականացնում աշակերտների հետ աշխատանքի համար: Մենք մարզային իշխանությունների հետ ծրագիր ենք ուզում իրականացնել, որպեսզի ուսուցիչների հետ կազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, որոնք էլ արդեն ավելի բարձր մակարդակով կուսուցանեն դպրոցականներին»:

Կենտրոնում վերջերս բացվեց Հայաստանում առաջին Yandex Ծրագրավորման դպրոցը: itTrend-ի հետ զրույցում Յանդեքսի Ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը նշել էր, որ տեղի ընտրության հարցում առաջնորդվել են հատկապես մարզերում ոլորտի զարգացումը խթանելու սկզբունքով:

Պատվական Հախինյանն այս փաստը մեծ ձեռքբերում է համարում: «Մեծ ձեռքբերում է, կխթանի կենտրոնի զարգացմանը: Մեր կենտրոնը հետաքրքիր ու գրավիչ միջավայր կարող է լինել: Սա կարող է դառնալ թրենդ և իր հետևից բերել այլ ընկերությունների թե՛ արտասահմանից, թե՛ Երևանից»:

Նախատեսվում է, որ 2-3 տարիների ընթացքում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կվերապատրաստվի առնվազն 4000 մասնագետ, կստեղծվի 900 աշխատատեղ, կիրականացվեն մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր: Նշենք, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:

Նունե Գրիգորյան