Աքսելերացիոն նոր ծրագիր հայկական սթարթափերի համար EIF-ից, ISTC-ից և Crosspring-ից

Հայկական սթարթափերի համար նոր աքսելերացիոն ծրագրի հնարավորություն՝ եվրոպական շուկայում առաջխաղացման հեռանկարով:

EIF-ը և ISTC տեխնոլոգիաների կենտրոնը հոլանդական Crosspring աքսելերատորի հետ հայտարարում են համատեղ աքսելերացիոն ծրագիր հայկական սթարթափերի համար նախատեսված:

Ծրագրի նպատակն է աջակցել հայկական սթարթափերի առաջխաղացումը եվրոպական շուկայում և նպաստել տեխնոլոգիական բիզնեսների զարգացմանը: Ծրագրին կմիանան և մասնակիցներին իրենց խորհուրդներով կուղորդեն նաև Crosspring-ի մենթորները:

Մրցույթին կարող են մասնակցել հայկական սթարթափեր, որոնք ունեն արդեն մշակված արտադրանք և բիզնես նախագիծ հետևյալ ոլորտներում՝

  • Արհեստական բանականություն
  • Կիբերանվտանգություն
  • Հավելյալ իրականություն (AR)/ վիրտուալ իրականություն (VR)
  • BI (Business Intelligence) / Big Data
  • Ֆինանսական տեխնոլոգիաներ

Դիմորդները պետք է նաև հետաքրքրված լինեն ԵՄ շուկայով և ունենան պոտենցիալ այդ շուկայում աճելու համար:

Ընտրության հիմնական չափանիշներն են.

  • Արտադրանքի նորարարություն
  • Հմտությունների հավասարակշռվածություն թիմի անդամների միջև
  • Արդադրանքի/տեխնոլոգիայի զարգացման մակարդակ
  • Միջազգային զարգացման պլաններ՝ հատկապես եվրոպական շուկայում
  • Ծրագրի/արտադրանքի մեծացման պոտենցիալ

Աքսելերացիոն ծրագրին կարող են մասնակցել առավելագույնը 12 թիմ: Այսնուհետև կկայանա Դեմո օր, որի ընթացքում կընտրվի 1-2 թիմ՝ Նիդեռլանդներ մեկնելու և Crosspring-ում 1 շաբաթ անցկացնելու, հոլանդական բիզնես միջավայրին ծանոթանալու, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդների ու բիզնես գործընկերների հանդիպելու համար:

Հետաքրքրված բոլոր սթարթափերը պետք է լրացնեն հայտադիմումը մինչև մարտի 15-ը:

Նշենք, որ մինչ այժմ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ակսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերին մասնակցել են 500 թիմ և կազմակերպություն, որոնց մեծ մասը ստեղծում է միջազգային շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ լուծումներ ու արտադրանք: