Facebook-ի նոր ֆունկցիան կօգնի պլանավորել ճամփորդությունները

Facebook-ում կավելանա նոր հնարավորություն, որը կարող է մրցակից դառնալ հայտնի Foursquare-ին: Հավելվածում կներդրվի City Guides ֆունկցիան, որը կօգնի պլանավորել ճամփորդությունները: Այն ցույց կտա ընկերների այցելած քաղաքների ցանկը՝ ուշադրության և այցելության արժանի վայրերի մասին խորհուրդներով և առաջարկներով:

Նախընտրելի քաղաքի վրա սեղմելով հնարավոր է տեսնել, թե որ ընկերներդ են եղել այդ քաղաքում, հատկապես ուր են գնացել՝ որ հյուրանոցները, ռեստորանները և այլ վայրերը: Այդ տեղեկատվությունը հավանաբար ստացվում է օգտատերերի check-in-ներից:

Բացի ընկերների այցելած վայրերից հնարավոր է տեսնել նաև տեղացիների նախընտրելի վայրերը: Այստեղ Facebook-ն ամփոփում է օգտատերերի թողած կարծիքները: Նոր ֆունկցիան թույլ կտա նաև տեղեկանալ տվյալ քաղաքում սպասվող իրադարձությունների մասին: Նշենք, որ City Guides-ն ավելի կենտրոնացած է խոշոր քաղաքների վրա: Այս հնարավորությունը դեռևս թեստավորման փուլում է և հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի համար: