10 հայկական սթարթափ կարող է մասնակցել Startup Olé կոնֆերանսին

Ապրիլի 26-27 –ը Իսպանիայում (Սալամանկա) անցկացվելիք Startup Olé կոնֆերանսին բացառիկ հնարավորությամբ կարող են մասնակցել հայաստանյան 10 սթարթափ՝ եվրոպական սթարթափ էկոհամակարգում ներգրավվելու հեռանկարով:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը ՁԻՀ-ի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ հրավիրում է ՏՏ շուրջ 10 հայաստանյան սկսնակ ընկերությունների (սթարթափների) մասնակցելու Իսպանիայում, Սալամանկայում 2017թ-ի ապրիլի 26-27 կայանալիք Startup Olé կոնֆերանսին:

Startup Olé-ն երկօրյա տեխնոլոգիական և ձեռնարկատիրական ուղղվածության միջոցառում է:

Նպատակն է կապեր ստեղծել սթարթափ ընկերությունների միջև, ինչպես նաև ձևավորել փոխշահավետ գործընկերություն վերոնշյալ ընկերությունների հիմնադիրների և սերիական արտարդրություն իրականացնող ձեռնարկատերերի միջև, որոնք կարող են հանդես գալ իբրև մենթոր և բիզնես խորհրդատու՝ օգնելով նրանց ընդլայնել իրենց գործունեությունը:

Այն կապեր  է ձևավորում սթարթափ ընկերությունների, տեխնոլոգիական/թվային տեխնոլոգիաների բնագավառում բացառիկ ունակություններով օժտված անձանց և  խոշոր ընկերությունների, ներդրողների ու բիզնես աքսելերատորների միջև:

Մասնակցությունը միջոցառմանը բազմաթիվ առավելություններ կտա սթարթափ ընկերություններին, այդ թվում.

  • Տարածք՝ սթարթափը ներկայացնելու համար (ավելի քան 1000 այցելու 2 օրերի ընթացքում)
  • Հանրությանը տարբեր միջոցներով առավել հանրածանոթ դառնալու հնարավորություն (ընկերության պատկերանիշի տեղադրումը վեբկայքում,  տեղեկագրեր, գրառումներ սոցիալական ցանցերում և այլն),
  • Startup Olé –ի շրջանակում անցկացվող ծրագրերի մրցույթ-պրեզենտացիաներին մասնակցելու հնարավորություն
  • Խոշոր ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության հաստատմանը նվիրված միջոցառմանը մասնակցելու հնարավորություն:

Միջոցառման մասնակցության հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, հյուրանոց, մուտքի արտոնագիր) մասնակից սթարթափների համար կհոգա «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: Startup Olé-ի շրջանակում ներկայանալու համար առնվազն 50 եվրոյի չափով սեփական ներդրումը պարտադիր է:

Մրցույթին կարող են մասնակցել ՏՏ հայաստանյան սկսնակ ընկերությունները: Դիմող ընկերությունները պետք է գտնվեն աճի, զարգացման փուլում կամ վերջիններիս կողմից արտադրվող ապրանքները պետք է առնվազն վայելեն որոշակի հաջողություն և ունենան աճի լուրջ պոտենցիալ:

Ընտրության հիմնական չափորոշիչներն են.

  • Վերջին 12 ամիսներին արձանագրված աճը նկարագրող նյութ
  • Դեպի միջազգային, հատկապես Եվրոպական շուկա ընդլայնվելու պոտենցիալ
  • Արտադրության ծավալները մեծացնելու և արտաքին աղբյուրներից կապիտալ ներգրավելու պոտենցիալ
  • Ընկերությունը ներկայացնելու կարողություն, այդ թվում նաև գործարար անգլերենի իմացություն:

Վերջին փուլ հասած 15 կազմակերպությունների ընտրությունը պետք է իրականացվի հանձնաժողովի կողմից, որոնցից 10 հաղթող կազմակերպությունների վերջնական ընտրությունը կիրականացվի  Startup Ole-ի և Startup Europe-ի կողմից:

Շահագրգիռ բոլոր սթարթափ ընկերությունները կարող են դիմել լրացնելով առցանց դիմումը և տրամադրելով հղում՝ առավելագույնը  20 PowerPoint սլայդից կազմված սթարթափի վեաբերյալ  պրեզենտացիային (pitch deck):

Դիմումների վերջնաժամկետն է մարտի 15-ն է:

Ժամանակացույցը՝

  • Մարտի 17-ին կընտրվեն վերջին փուլ անցած ընկերությունները
  • Մարտի 19-ին կըտրվեն հաղթողները
  • Մարտի 20 – ապրիլի 20. Խմբերի նախապատրաստում՝Ադմինիստրատիվ բնույթի/ ուղևորության կազմակերպմանն առնչվող խնդիրների կարգավորում: Սթարթափ ընկերությունների նախապատրաստում՝ Startup Olé –ին (բիզնես ծրագրերի պրեզենտացիաներ, ներդրումային առաջարկներ, պոտենցիալ ներդրողների, խոշոր ընկերությունների հետ հանդիպումների վերաբերյալ պայմանավորվածություններ և այլն)
  •  Ապրիլի 25 – 28-ը ուղևերություն Սալամանկա, Իսպանիա
  • Մայիս 3-ին կկայանա արձագանքներին և հետագա քայլերին նվիրված միջոցառում Երևանում

Նշեննք, որ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: