Հայկական Inapptics-ն ընդգրկվել է Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրում

Հայկական Inapptics-ն ընդգրկվել է Startup Wise Guys աքսելերացիոն ծրագրում

Հայկական Inapptics-ը առաջին հայկական սթարթափն է, որն ընդգրկվել է եվրոպական հեղինակավոր Startup Wise Guys աքսելերացիոն ծրագում: Inapptics-ն օգնում է մոբայլ հավելված ստեղծողներին բարձրացնել իրենց հավելվածի եկամտաբերությունը և արդյունավետությունը՝ օգտագործողի պահվածքի վերլուծության և պրոակտիվ հուշումների միջոցով:

itTrend-ը զրույցել է Inapptics-ի համահիմնադիրներ Տիգրան Հակոբյանի ու Աշոտ Տոնոյանի հետ աքսելերացիոն ծրագրի մանրամասների, սպասելիքների ու առաջիկա քայլերի մասին: Այս տարվա սկզբին մտադրվել են գտնել աքսելերացիոն ծրագրեր Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ ներդրումների, աջակցության, կապերի հեռանկարով:

«Մեզ ամենահարմար ծրագիրն առաջարկում է Եվրոպայում B2B կատեգորիայում լավագույնը համարվող Startup Wise Guys աքսելերատորը: Մինչ դիմելը հետաքրքրվեցինք այլ ստարտափների հիմնադիրներից, ովքեր մասնակցել էին այդ ծրագրին, և ստանալով դրական արձագանք` որոշեցինք դիմել: Անցանք ընտրության մի քանի փուլեր, որից հետո հրավիրվեցինք Top 25 ընտրված ստարտափների եզրափակիչ փուլին, որտեղ որտեղ ընտրվեցին ծրագրի մասնակից 11 ստարտափները»,- նշել է Տիգրան Հակոբյանը:

Startup Wise Guys-ի ծրագիրը կենտրոնացած է B2B ստարտափների վրա, և սովորեցնում է նրանց առաջին հերթին բացահայտել իրական շուկայական պահանջարկն ու ստեղծել պրոդուկտ, որի կարիքը մարդիկ ունեն և պատրաստ են վճարել այն օգտագործելու համար:

Ծրագիրը սովորեցնում է ստարտափներին, թե ինչպես ձեռք բերել իրենց առաջին հաճախորդներին, ինչպես ապահովել աճ, ինչպես բանակցել ներդրողների հետ և ինչպես ստանալ ներդրում:

Այն բաղկացած է փորձառու մենթորների հետ հանդիպումներից, թեմատիկ քննարկումներից, միջոցառումներից և իհարկե առօրյա աշխատանքից, որը թիմերը կատարում են Startup Wise Guys-ի coworking տարածքում:

Տիգրան Հակոբյանի խոսքով մոտակա 3 ամիսների ընթացքում պատրաստվում են գործարկել Inapptics-ի ամբողջական տարբերակը:

«Աքսելերացիոն ծրագրի 3 ամիսների ընթացքում մեր տրամադրության տակ են լինելու Startup Wise Guys-ի ողջ ներուժը, որը մեզ կօգնի հասնել մեր նպատակներին: Այս ընթացքում պատրաստվում ենք ավարտին հասցնել Inapptics-ի ամբողջական տարբերակը և հանձնել այն մեր օգտատերերի դատին»:

Պլաններում են՝ կատարել առաջին վաճառքներն ու ապահովել անհրաժեշտ աճը, որպեսզի հնարավոր լինի ներգրավել նոր ֆինանսավորում եվրոպական և ամերիկյան վենչուրային ներդրողների կողմից:

Մինչ Inapptics-ի վրա աշխատելը թիմը շուրջ 5 տարի ստեղծել է մոբայլ հավելվածներ ամերիկյան և եվրոպական խոշոր ընկերությունների համար: Inapptics-ի ստեղծման մասնրամասները համահիմնադիրները նույնպես պատմեցին itTrend-ին:

«Անալիտիկ լուծումները տրամադրում են ահռելի քանակով թվեր ու չարտեր, բայց չեն տրամադրում իրական վերլուծություն: Այդ ամենը հանգեցնում է նրան, որ ընկերությունները ստիպված են լինում մեծ քանակի գումար ու ժամանակ ծախսել, որպեսզի վերլուծեն այդ տվյալները և գան որոշակի եզրահանգումների: Իրականում այն ինչի կարիքն ունեն այդ ընկերությունները շատ պարզ է` նրանք ցանկանում են տեսնել, թե ինչպես են մարդիկ օգտագործում իրենց մոբայլ հավելվածը: Մենք որոշեցինք լուծել այդ խնդիրը և ստեղծեցինք Inapptics-ը»: