Ucom-ի 4G+ ցանցն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում

Ucom-ի 4G+ ցանցն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում

Մարտ ամսվա ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը գործարկել է նոր կայաններ Տավուշի մարզում, ընդ որում այսօր 4G+ ցանցը հասանելի է նաև մարզի սահմանամերձ գյուղերում:

Ավարտին են հասցվել կայանների տեղադրման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքները և ապահովվել է դրանց էլեկտրամատակարարումը: Այս ամենի շնորհիվ Ucom-ի բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ոչ միայն շարժական կապի ավելի որակյալ ձայնային ծառայություններից, այլև անխափան կերպով և առանց ընդհատումների օգտագործելու տարատեսակ OTT ծառայությունների, իսկ մասնավորապես՝ առցանց քարտեզների բոլոր գործառույթները:

«Ucom ընկերությունն այս տարի ևս ներդրումներ է իրականացնում ցանցի արդիականացման և ընդլայնման ուղղությամբ: Եթե նախորդ տարվա վերջին 4G+ ցանցը հասանելի էր 55 բնակավայրերում, ապա այս ձնառատ ամիսների ընթացքում իրականացված ինտենսիվ աշխատանքներից հետո այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 102 բնակավայր, ներառյալ գյուղական համայնքները և 16 քաղաք: Հարկ է նշել, որ այսօր Ucom-ի 4G+ ցանցն ամենաընդարձակն է Հայաստանի տարածքում և այս տարածումը շարունակական է լինելու: Համաշխարհային փորձից հայտնի է, որ երկրի տնտեսական աճն ուղիղ կապ ունի հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետ», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:

Նշենք, որ Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին, ընդգրկելով Հայաստանի տարածքի 85%-ը և իր բաժանորդներին պարբերական կերպով կզեկուցի կատարված աշխատանքների մասին: