Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7, նոր iPad և նոր հավելված

Apple-ը ներկայացրել է կարմիր iPhone 7, նոր iPad և նոր հավելված

Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 7-ի և 7 Plus-ի նոր գունային տարբերակը: Կարմիր Vibrant Red կոչվող iPhone 7-ը հատուկ թողարկվել է ի պաշտպանություն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի RED ծրագրին: Այս տարբերակում բացի գույնից ոչինչ փոխված չէ, տեխնիկական հնարավորությունները նույնն են: Կարմիր iPhone 7-ը շուկայում հասանելի է մարտի 24-ից՝ 749 դոլար արժեքով, իսկ iPhone 7 Plus-ը՝ 869 դոլարով:

Թարմացվել է նաև iPhone SE-ն: Այժմ կթողարկվեն և հասանելի կլինեն նաև 32 և 128 Գբ հիշողությամբ համալրված տարբերակները՝ նախկին 16 և 64 Գբ հիշողությամբ iPhone SE-երի կողքին:

Նոր iPad

Բացի կարմիր iPhone 7-ից խնձորային ընկերությունը թողարկել է նաև նոր 9,7 դյույմ էկրանով պլանշետ, որը ստացել է iPad անունը: Այն փոխարինելու է եկել iPad Air 2-ին:  Այն աշխատում է Apple A9 պրոցեսորով: Նոր ներկայացված iPad-ը կլինի մոխրագույն, արծաթագույն և ոսկեգույն տարբերակներով: Վարդագույնի մասին դեռևս հայտարարություն չկա: Գինը՝ 329 դոլար:

Apple-ը նաև թարմացրել է iPad mini-ն: Այժմ հնարավոր է ձեռք բերել նաև 128 Գբ հիշողությամբ համալրված iPad mini:

Clips հավելված

Apple-ը ներկայացրել է նոր հավելված` նախատեսված iPhone-ով և iPad-ով տեսանյութեր պատրաստելու համար: Հավելվածը թույլ է տալիս հեշտորեն իրար միացնել iPhone-ի և iPad-ի մի քանի տեսանյութեր՝ չլինելով մոտաժի մասնագետ:

Հավելվածիում առկա է աուդիո ֆայլերի բազա, որից կարելի է օգտվել տեսահոլովակ պատրաստելիս: Դրանք ավտոմատ կերպով համապատասխանեցվում են տեսահոլովակի տևողությանը: Նաև հնարավոր է ստեղծել անիմացիոն գրություններ 36 լեզուներով:

Clips-ը անվճար հասանելի կլինի App Store-ում ապրիլից: