Կանցկացվի ամառային ՏՏ ճամբար սփյուռքի և Հայաստանի դպրոցականների համար

Հայաստանում կանցկացվի ամառային տեխնոլոգիական ճամբար սփյուռքի և ՀՀ-ի դպրոցականների համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից անցկացվող ամառային տեխնոլոգիական ճամբարը հրավիրում է Սփյուռքի դպրոցականներին իրենց ամառային արձակուրդն անցկացնել հայրենիքում՝ հասակակիցների հետ համատեղելով ակտիվ հանգիստը, հայրենաճանաչությունն ու ինժեներական դասընթացները:

8 օրյա տեխնոլոգիական ճամբարի օրակարգը հագեցած է մասնագետների կողմից մշակված ռոբոտաշինության, ծրագրավորման դասընթացներով, մրցույթներով, հայրենաճանաչության ուղղված միջոցառումներով (արշավներ, ազգային պարերի դասընթացներ, նախնական հրազենային պատրաստություն, բուժ.պատրաստություն, քարտեզագիտություն) և մի շարք ժամանցային ծրագրերով:

Միջոցառումները կանցկացվեն համապատասխան գիտելիքներ ու փորձ ունեցող ջոկատավարներների կողմից:  Կապահովվի 3 անգամյա սնունդ և անհրաժեշտ գույքով կահավորված հարմարավետ սենյակներ:

Ճամբարի սկզբում երեխաները բուժզննում կանցնեն և մասնագետի ուշադրության կենտրոնում կլինեն ողջ ընթացքում:

Ամառային ճամբարին կարող են մասնակցել Սփյուռքում բնակվող 10-17 տարեկան երեխաները, ինչպես նաև ՀՀ-ի բոլոր մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների և ռոբոտաշինության խմբակների սաները և հայաստանյան ընկերությունների աշխատակիցների երեխաները:

Համապատասխան ֆինանսական միջոցներ ձեռք բերելու դեպքում, ճամբարին կմասնակցեն նաև անապահով ընտանիքի երեխաներ:

«Ամառային տեխնոլոգիական ճամբարն անցյալ տարի միավորել էր ՀՀ բոլոր մարզերի շուրջ 600 դպրոցականների: Ճամբարը միանշանակ հաջողված էր և մենք որոշեցինք այս տարի էլ ավելի ընդլայնել սահմանները և համախմբել նաև սփյուռքի դպրոցականներին», – նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ճամբարի մասնրամասներն ու պայմանները հասանելի են ռուսերեն և անգլերեն լեզուներով: