Նոր ֆունկցիաներ Facebook Messenger-ում

Facebook-ը ներկայացրել է նոր հնարավորություններ Messenger-ում: Առաջին նորույթը, որը թեստավորման փուլում էր դեռևս այս ամսվա սկզբից, հետևյալն է՝ արդեն հնարավոր կլինի ֆեյսբուքում առկա ռեակցիաներով (Like, Love, Haha, Wow, Sad և Angry) գնահատել Messenger-ով ուղարկված հաղորդագրությունները: Ռեակցիաների շարքին կավելանա նաև Dislike կոճակը:

Այս ֆունկցիայից օգտվելու համար հարկավոր է նախընտրելի հաղորդագրության վրա երկար հպումով բացել ռեակցիաների շարքը, որից հետո ընտրել դրանցից որևէ մեկը: Այնպես ինչպես սովորաբար ֆեյսբուքյան հրապարակումների դեպքում է արվում, այն աշխատում է iOS 10-ում iMessage-ի Tapback ռեակցիաների նմանությամբ:

Այս կերպով հնարավոր է վերաբերմունք արտահայտել յուրաքանչյուր հաղորդագրության նկատմամբ, համաձայնել, կամ էլ  նոր ավելացած dislike նշանով անհամաձայնություն հայտնել:

Հաջորդ նոր ֆունկցիան, որը ներկայացրել է Facebook-ը կապված է նշումների հետ (@mention): Հնարավոր է դարձել խմբային չաթերում նշել կոնկրետ օգտատիրոջ, որին ուղղված է հաղորդագրությունը, որպեսզի նա այնպայման տեսնի և բաց չթողնի ընդհանուր հաղորդագրությունների շարքում: Այսպիսով ընկերոջը նշելու համար պետք է անվան առջևից դնել @ նշանը, որից հետո նրան ծանուցում կուղարկվի այդ առիթով:

Նշենք, որ այս նոր ֆունկցիաները հասանելի կլինեն մոտակա օրերի ընթացքում բոլոր օգտատերերին, այդ թվում նաև բիզնեսի համար նախատեսված Facebook-ի աշխատանքային չաթերում (Workplace):