Հայաստանում երկրորդ անգամ կայանալու է NASA-ի 6-րդ միջազգային Տիեզերական հավելվածների մրցույթի հայաստանյան փուլը: Մրցույթն անցկացվում է ապրիլի 29-ից 30-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի Աստղադիտարանի միջազգային համաժողովների կենտրոնում:
- Տեղական միջոցառման ընթացքում հնարավոր է մասնակցել ինչպես թիմով, այնպես էլ անհատապես:
- Ստեղծել մի լուծում, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն:
- Մարտահրավերների լուծումներ առաջարկել օգտագործելով NASA-ից և այլ գլոբալ մասնակից կազմակերպությունների իրական տվյալների շտեմարանները:
- Ներկայացնել թիմի նորարարական լուծումը տեղական և միջազգային ժյուրիին՝ մրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով:
- Մրցել NASA-ի նորարարական բաց հարթակում միջազգային ճանաչում ձեռքբերելու համար:
- Ստանալ ոլորտի ճանաչված փորձագետների կարծիքներն ու արձագանքները:
Այն կտևի 24 ժամ, այս տարվա մրցույթի թեմաներն են՝
- Մտածեք և ստեղծեք /#IdeateandCreate,
- Երկիրը եւ մենք /#TheEarthandUS,
- Զգուշացեք, առջևում վտանգ կա/#WarningDangerAhead,
- Կապույտ մոլորակ/ #PlanetaryBlues,
- Մեր էկոլոգիական միջավայրը/ #OurEcologicalNeighborhood:
Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի լինեն այլ մասնակիցների համար: Մրցույթի հայաստանյան փուլի մասնակիցների քանակը սահմանափակ է:
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ՝ մրցույթի մասնակցության վայր ընտրելով Հայաստանը: Գրանցման վերջնաժամկետը ապրիլի 21-ն է: Մասնակից թիմերը պետք է մրցույթին ներկայանան սեփական համակարգչային տեխնիկայով:
Նշենք, որ հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է Locator ընկերության հետ համատեղ: Այս տարի մրցույթն աշխարհում անցկացվում է արեդն 6-րդ անգամ, Հայաստանում՝ 2-րդ:
Նախորդ տարի 1-ին տեղում MARS LIVE նախագիծն էր: Թիմն իր գաղափարն իրականացրել էր «Ճանապարհորդություն դեպի Մարս» թեմայի շրջանակներում: MARS LIVE-ը ներկայացրել էր մոբայլ հավելված, որը թույլ է տալիս սիմուլացիա անել մարդկանց կոլոնիան Մարսի վրա:
GPS համակարգի համադրումով օգտվողը տեսնում է իր դիրքը Մարսի վրա, կարող է ստանալ և կատարել առաջադրանքներ, հաղորդակցվել այլ մարդկանց հետ, որոնք օգտվում են հավելվածից: Հավելվածն օգտվում է մի շարք API-ներից և հավելվածի մեջ հավաքում մեծ քանակությամբ անհրաժեշտ ինֆորմացիա: