Հայկական Teamable-ը ստացել է 5 մլն. դոլար վենչուրային ներդրում

Հայկական Teamable-ը ստացել է 5 մլն դոլարի վերչուրային ներդրում True Ventures-ի ղեկավարությամբ: Այն կօգտագործվի ծառայությունների հետագա զարգացման, AI ալգորիթմների բարելավման համար, նաև Teamable-ը դարձնելու ոչ միայն HR մասնագետների համար, նաև վաճառքի մենեջերների գործիք:

Teamable-ը առցանց հարթակ է, որն օգնում է ընկերություններին կարճ ժամանակում գտնել նոր աշխատակիցներ՝ ձևավորելով թիմ արդեն իսկ գործող աշխատակիցների շրջապատից՝ առաջարկների և ուղղորդումների հիման վրա: Teamable-ը համագործակցում է ամերիկյան մի շարք հայտնի ընկերությունների հետ, այդ թվում  Uber-ի, Facebook-ի, Լyft-ի, Hipanalitics-ի, Stripe-ի, Oracle-ի, Intuit-ի և այլն:

Ընկերությունը ցանկանում է ձեռնարկությունների աշխատակիցների սոցցանցերը միացնել Teamabale-ի ծրագարյին ապահովմանը, որը թափուր աշխատատեղերի ուղղորդումների արդյունավետությունը ավելի կբարձրացնի: Teamable-ի համահիմնադիր Լաուրա Բիլազարյանը նշել է, որ հաջորդ քայլը լինելու է մեքենայական ուսուցման և սոցցանցերի միջոցով HR-ների աշխատանքը բարելավելը:

Պլատֆորմն աշխատում է հետևյալ կերպ։ Առաջինը՝ Teamable-ից օգտվող ընկերության աշխատակիցները գրանցվում են պլատֆորմում՝ յուրաքանչյուրն ունենալով իր սեփական հաշիվը, դառնալով օգտատեր։ Ապա ծրագիրը այդ աշխատակցի թույլտվությամբ սկանավորում է նրա կոնտակտները տարբեր սոցիալական ցանցերում՝ Facebook, LinkedIn, Twitter, Github, Google+ և այլն։ Յուրաքանչյուր կոնտակտային անձի վերաբերյալ հավաքվում է նրա աշխատանքային ու մասնագիտական կարողություններին վերաբերող ամբողջական տեղեկատվություն․ այն, թե որտեղ է աշխատել, կամ աշխատում, մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունները և այլն

Teamable-ը օգտագործում է արհեստական ինտելեկտի (AI) ալգորիթմներ, որպեսզի առաջարկի հնարավոր թեկնածուներ՝ հիմնվելով աշխատանքի համար պահանջվող հմտությունների, փորձի և այլ գործոնների վրա:

Լաուրայի խոսքով՝ Teamable-ի խելացի ալգորիթմները տարբերվում են մյուս նմանատիպ ծառայություններից, քանի որ հիմնվում են ոչ միայն բանալի բառերի վրա, այլ նաև ամեն ընկերության պահանջների, յուրահատուկ որակների վրա:

Նշենք, որ այն 2013-ին հիմնել են Վազգեն Հակոբջանյանը, Մերուժան Դանիելյանը, Հովհաննես Նուրիջանյանը և Լաուրա Բիլազարյանը: Թիմեր ձևավորող թիմի հաջողության մասին itTrend-ին պատմել է Վազգեն Հակոբջանյանը, որը կարող եք կարդալ այստեղ:

Նունե Գրիգորյան