«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը ԱՄՆ-ում արժանացել է բրոնզե մեդալի

«Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը ապրիլի 6-ից 8-ը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում մասնակցեց «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր 2017» (National Robotics Challenge) հեղինակավոր մրցույթին և արժանացավ բրոնզե մեդալի:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը հաղթանակով է վերադառնում ԱՄՆ-ից: Այս անգամ թիմը վաստակել է բրոնզե մեդալ՝ «մարտական ռոբոտ» (Combat Robot) անվանակարգում:

Այս տարի «Այբ»-ի երեխաները մրցույթին ներկայացել էին մարտական ռոբոտով, որը 2 օր շարունակ մարտի մեջ էր այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած տասնյակ ռոբոտների հետ:

«Նախորդ տարվա համեմատ՝ մրցույթին մասնակցող թիմերն ահագին զարգացում էին ապրել. բոլորն ավելի պատրաստված էին, ռոբոտներն էլ՝ ավելի կատարելագործված»,- նշեց ռոբոտաշինության խմբի առաջնորդ Սիմոն Զոհրաբյանը:

«Մենք ստեղծել էինք ռոբոտ, որի առաջադրանքն էր ոչնչացնել հակառակորդին: Եվ մեր ռոբոտը հեշտությամբ էր կատարում իր առաքելությունն ու վնասազերծում մյուսներին: Բայց ցավոք, ուշ պարզեցինք, որ մրցավարները միավորները հաշվում էին հարվածների քանակով, Այդ է պատճառը, որ արծաթ կամ ոսկի չշահեցինք»,- պատմում է «Այբ»-ի ռոբոտաշինության խմբի անդամ Արեգ Կարապետյանը:

«Այբ»-ի ռոբոտաշինության խմբի անդամ Ֆելիքս Ղանդիլյանի խոսքով՝ ԱՄՆ-ում անցկացրած օրերի ընթացքում հայկական թիմի հանդեպ ուշադրության ու հյուրընկալության պակաս չի զգացել.

«Տեղի թերթերը գրում էին մեր մասին ծավալուն նյութեր, բոլորը զարմացել էին, որ օվկիանոսի այն կողմից հայկական թիմը համառորեն գալիս է մասնակցելու այս ամերիկյան հայտնի մրցույթին: Մեզ նաև դիմավորեցին ու ճանապարհեցին օդանավակայանից: Ամերիկացիների մի ընտանիք մեզ աջակցում էր տրանսպորտի հարցերով, ապա նաև մեզ ընթրիքի հրավիրեց: Իսկ հաջորդ տարի պատրաստ է մեզ պահելու իրենց տանը: Մենք մասնակցեցինք նաև Մարիոնի եկեղեցու պատարագին»:

Ռոբոտիկայի թիմում ընդգրկված էին Սիմոն Զոհրաբյանը, Արեգ Քալանթարյանը, Արեգ Կարապետյանը, Ֆելիքս Ղանդիլյանը, Արմեն Բարսեղյանը, Արման Մնացականյանը՝ Վազգեն Գաբրիելյանի ուսուցչությամբ:

«Այբ» դպրոցի սաները պատվով ներկայացրին Հայաստանը միջազգային կրթական ասպարեզում: Ավելի քան 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ էին ներկայացված ՌԱՄ 2017-ին: Նշենք, որ նախորդ տարի ՌԱՄ 2016-ին մեր թիմը արժանացավ գլխավոր՝ Հոնդայի ինովացիոն մրցանակին և արծաթե մեդալի` «սումո ռոբոտ» անվանակարգում:

«Այբ» դպրոցի տնօրեն  Արամ Փախչանյանի հաջողության պատմության itTrend.am-ի բացառիկ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ

Նունե Գրիգորյան