Հայտնի են Smarter Transportation Data հաքաթոնի հաղթող թիմերը

Ապրիլի 15-ից 16-ը ISTC-ում առաջին անգամ կայացավ Smarter Transportation Data հաքաթոնը, որի նպատակն էր խթանել նոր գաղափարների գեներացումը և նպաստել ֆունկցիոնալ նախատիպերով նորարարական լուծումների ստեղծմանը տրանսպորտի ոլորտում՝ օգտագործելով ոլորտի առաջատար ապրանքանիշերի կողմից տրամադրված բազմազան տվյալների բազաներ, API-ներ և սարքավորումներ:

Այսպիսով, հայտնի են հաղթող թիմերը՝

1-ին տեղում է DNS թիմը, որն արժանացավ 4000 ԱՄՆ դոլար մրցանակի՝ ֆունկցիոնալ նախատիպով ամենանորարարական լուծման համար: Թիմն առաջարկել էր Երևանում հեծանվային տրանսպորտի համատեղ օգտագործման լուծում՝ հիմնված տվյալների վերլուծության վրա։

2-րդ տեղում՝ Appress թիմն է լավագույն բիզնես կոնցեպտի/գաղափարի համար, որը ստացավ 2500 դոլար: թիմը ներկայացել է AutoPi լուծումով։ Այն մինի համակրգիչ է, որը միացվում է ավտոմեքենային և տրամադրում մի շարք տվյալներ իրական ժամանակում որոշումներ իրականացնելու համար։

3-րդում՝ Babylon թիմն է 1500 ԱՄՆ դոլարով՝ Հայաստանի համար ամենաարժեքավոր լուծումը՝ Երևանում machine learning-ի վրա հիմնված ավելի խելացի առաքման եղանակ առաջարկելու համար:

Հաքաթոնին գրանցվել էին ավելի քան 70 թիմ, որոնցից 33-ն են հրավիրվել մասնակցելու: 24 ժամվա ընթացքում թիմերը մշակել են նորարարական գաղափարներ, առաջարկել նոր լուծումներ՝ հաշվի առնելով էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Հաքաթոնի առաջին օրը թիմերը հնարավորություն ունեցան մասնակցելու տրանսպորտի ոլորտին նվիրված ‹Smart Talk››-երի, որոնք վարում էին ոլորտի առաջատար մասնագետները:

Միջոցառմանը միացել էին նաև Menu.am և GGTaxi ընկերությունները: Իրենց լուծումները մշակելու համար մասնակիցները կարող էին օգտագործել հանրայնորեն հասանելի կամ Optym, Menu.am և GGTaxi ընկերությունների կողմից տրամադրված տվյալների բազաները:

Նշենք, որ հաքաթոնի կազմակերպիչներն էին Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը՝ ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ:

Նունե Գրիգորյան