Google-ը Chrome-ում կներդնի գովազդները արգելափակող սեփական գործիքը

Google ընկերությունը մեկնարկում է web էջերը գովազդից մաքրելու գործընթացը, որի արդյունքում համացանցը կդառնա ավելի մաքուր և հաճելի օգտվելու համար:

Google-ը պատրաստվում է գովազդներն արգելափակող ֆունկցիա ներդնել Chrome-ի մոբայլ և դեսքթոփ տարբերակների համար: Wall Street Journal պարբերականի հաղորդմամբ՝ արգելափակող գործիքը կզտի վտանգավոր և անհանգստացնող գովազդային հայտարարությունները, որոնք կխանգարեն օգտատերերին web էջերում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս գործառույթը կներդրվի բրաուզերում և հասանելի կդառնա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Այժմ այն թեստավորման և վերջնական մշակման փուլում է, որի արդյունքում բարելավվում է գովազդները ճանաչող ալգորիթմը:

Ավելի վաղ հեղինակավոր Coalition for Better Ads ընկերությունը, որում մտնում է նաև Google-ը, հրապարակել էր այն չափանիշների ցանկը, որին պետք է համապատասխանի գովազդային հրապարակումը համացանցում: Ամենայն հավանականությամբ հենց այդ չափանիշներով էլ արգելափակող գործիքը կառաջնորդվի:

Շատ փորձագետների զարմացրել է այն փաստը, որ Google ընկերության եկամուտի մեծ մասը ստացվում է հենց գովազդից և դրա հետ մեկտեղ ընկերությունը որոշել է ներդնել նման ֆունկցիա, թեև այս քայլը կարելի է համարել տրամաբանական:

Այլ արգելափակող ծրագրերի ու հավելվածների տարածումը բերեց նրան, որ ընկերությունում որոշեցին թողարկել սեփականը, որը իրենց չափանիշներով կզտի գովազդային հրապարակումները: Մշակողները վստահեցնում են, որ օգտատերերը կհրաժարվեն նմանատիպ այլ ծրագրային ապահովումներից և կնախընտրեն իրենցը, որը ներդրված կլինի Chrome-ում: