Ապրիլի 29-30-ը Բյուրականի աստղադիտարանում կայացավ միջազգային ամենահեղինակավոր՝ NASA-ի Տիեզերական հավելվածների վեցերորդ մրցույթը, որին Հայաստանը մասնակցում էր արդեն երկրորդ անգամ:
24 ժամվա ընթացքում 14 թիմ մշակեց և ներկայացրեց նորարարական լուծումներ և առաջարկներ՝ կիրառելով տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ:
1-ին տեղում է Locotech թիմը: Գևորգ Հովհաննիսյանը և Գուրգեն Հայրապետյանն, օգտվելով NASA-ի տրամադրած տվյալներից, ներկայացրին հաջորդ սերնդի գյուղատնտեսական համայնքի մոդել, որը թույլ կտա ավտոմատացնել և ավելի արդյունավետ դարձնել ագրարային գործընթացները, այգեգործությունը:
Խելացի այգի համակարգի շնորհիվ յուրաքանչյուր պահի սմարթֆոնով հնարավոր է տեղեկանալ այգու հողի խոնավության մակարդակի, ջերմաստիճանի մասին: Համակարգը ավտոմատ կերպով անհրաժեշտ չափով կոռոգի այգին, կպահպանի անվտնագությունը՝ կողմնակի անձանց կամ էլ կենդանիների մուտքի դեպքում ծանուցում ուղարկելով:
2-րդ տեղը զբաղեցրած նախագիծը VON-ն է: Սա web կայք է, որն իրենից ներկայացնում է Երկիր մոլորակի գիտատեխնիկական տերմինների մեծածավալ բառարան՝ հիմնված NASA-ի տվյալների բազայի վրա: Կայքը օգտատերերին թույլ է տալիս նաև գրանցվել և խմբագրել բովանդակությունը, ավելացնել նոր տերմիններ, որոնք ընդգրկված չեն ներկայացված ցանկում:
Մրցող թիմերի աշխատանքները ներկայացվելու են միջազգային ժյուրիի գնահատմանը նույնպես: Հայաստանյան փուլին մասնակցող թիմերը մրցեցին «Երկիրը և մենք», «Կապույտ մոլորակ», «Զգուշացեք, առջևում վտանգ կա», «Մեր էկոլոգիական միջավայրը» և «Մտածեք և ստեղծեք» թեմաների շրջանակներում: NASA Space Apps Challenge-ը համարվում է աշխարհում ամենամեծ հաքաթոններից մեկը, որն իր շուրջ համախմբում է մոտ 25,000 մասնակցների 69 երկրից:
Նշենք, որ միջազգային այս մրցույթի հայաստանյան փուլի հյուրընկալը և կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ Locator ընկերությունը:
Նունե Գրիգորյան