Մայիսի 4-5-ը Երևանում կանցկացվի վենչուրային 2 ֆորում

Մայիսի 4-ին և 5-ին Երևանում տեղի կունենան IMG Pitching և STEP Pitching միջոցառումները:

Մայիսի 4-ին 24 ընկերություններ կներկայացնեն իրենց նորարար լուծումները՝ Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթում: Որի շրջանակում 2017, 2018/2019թ-ի ընթացքում կհատկացվի 18 դրամաշնորհ` 30.000 մինչև 50.000 եվրոյի չափով՝ նախատեսված առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:

Նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել համագործակցությունը գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև:

Մայիսի 5-ին Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) ներկայացումների փուլի ընթացքում իրենց գաղափարներով հանդես կգա 14 թիմ:

Նպատակը՝ օգնել սկսնակ թիմերին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում:

2017-2018 ժամանակահատվածում կտրամադրվեն մինչև 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը մինչև EUR 15,000 արժողությամբ և առավելագույնը՝ 12 ամիս տևողությամբ:

Նշենք, որ այս ծրագրերն իրականացում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: