Մեկնարկել է Նորարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը

Այսօր մեկնարկեց Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթը: 24 ընկերություն հնարավորություն են ստացել ներկայացնել իրենց նորարար լուծումները, բիզնես մոդելները:

2017, 2018/2019թ-ի ընթացքում նախատեսվում է հատկացնել 18 դրամաշնորհ` 30.000 մինչև 50.000 եվրոյի չափով՝ նախատեսված առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար: Այսօր ոչ ավել քան 9 թիմ կարող են հաղթող դառնալ:

Նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել համագործակցությունը գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև:

itTrend-ի հետ զրույցում Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ այս մրցույթում միայն լավ գաղափար ունենալը բավարար չէ «Այս դրամաշնորհային մրցույթը այնպիսի թիմերի համար է, որոնք ունեն ավելին քան գաղափար: 80-ից ավելի թիմեր էին դիմել, նրանց հետ 4 ամսվա աշխատանքից հետո 24-ն այսօր հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց լուծումները: Ասեմ, որ սկզբունքային սահմանափակում ունեինք՝ կազմակերպությունները պետք է լինեին ճարտարագիտական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումներ առաջարկող: 

Այս տարին բացառիկ է նաև ժյուրիի կազմով: Ժյուրիում ընդգրկված է 7 անդամ, ունենք Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Գերմանիայից, Հոլանդիայից ներկայացուցիչներ, ներդրողներ, որոնք հիմնել են և ղեկավարում են բավականին հաջողակ ընկերություններ: Մասնակիցները կարող են ոչ միայն գնահատվել, նաև կարծիք ու խորհուրդներ ստանալ հետագայում»:

itTrend-ին իր սպասումների ու գնահատման չափանիշների մասին պատմեց ժյուրիի անդամ հոլանդական Crosspring ինկուբատորի հիմնադիր Մորիս Բեքենդ Վերվին. «Մենք թիմերի հետ աշխատել էինք նախքան մրցույթը իրենց գաղափարների զարգաման, դրանց ներկայացման վրա և այժմ ինձ համար շատ կարևոր է տեսնել նրաց աճը, զարգացումն ու բիզնես պոտենցիալը:

Նաև հույս ունեմ, որ մեր փորձի փոխանակումը, հարցերը, խորհուրդները, մեկնաբանությունները կօգտագործեն հետագայում: Ես, որպես ժյուրիի անդամ, ցանկանում եմ օգնել նրանց, ոչ միայն չոր գնահատել՝ ասելով սա լավ է կամ վատ է ու վերջ: Ինձ համար առաջին տեղում թիմն է, վստահելիությունը, նրանց հետագա քայլերի հստակ պատկերացումը»:

Նշենք, որ վաղը կմեկնարկի Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) ներկայացումների փուլը: Սկսնակ 14 թիմ հանդես կգան նոր գաղափարներով՝ մինչև EUR 15,000 դրամաշնորհ ստանալու համար:

Այս ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: