Հայտնի են IMG և STEP դրամաշնորհային մրցույթների հաղթողները

Հայտնի են դարձել Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հաղթողները: Երկօրյա մրցույթներին մասնակցեցին և իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրեցին նախնական ընտրված 38 նորաստեղծ թիմեր և կազմակերպություններ:

Այսպիսով IMG մրցույթում ընտրվեց 10 հաղթող, որոնք կստանան 30,000 – 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ: STEP մրցույթում ընտրվեց 5 հաղթող, որոնց մրցանակը 15,000 եվրոյի չափով ֆինանսավորումն է:

IMG մրցույթի հաղթողներն են՝

  • Volterman Smart Wallet
  • Chessfimee
  • Embry
  • WiseLogger
  • Skycryptor
  • Xcloud Conductor
  • ShellGuard
  • OnYourWay
  • Pixomatic
  • FPGA Key Value Database for IoT

STEP ծրագրի հաղթող ստարտափերն են՝

  • Financial Tech
  • CNC Machine line
  • One – Click key
  • Custom I/O modules for NI my RIO and ElvisRIO platforms
  • CDM for Education, Based on New Generation Optical Element:

Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը թիմերի և ընկերությունների համար իրականացվել են դասընթացներ, տրամադրվել մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից: Կազմակերպիչները շարունակաբար աջակցելու են հաղթողներին՝ հետագայում նույնպես տրամադրելով մենթորություն, պոտենցիալ ներդրողների հետ կապերի հաստատման հնարավորություն, առևտրայնացման ռազմավարություններ մշակման և նորարարական արտադրանքների վերլուծության աջակցություն:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» թիմի ղեկավար Էվա Նեհերը նշեց, որ 2 ծրագրերին դիմել էին շուրջ 90 մասնակիցներ, որոնց հետ ահռելի աշխատանք է իրականացվել SMEDA-ի և ՁԻՀ-ի կողմից խորհրդատվության ու մենթորության տրամադրման, ապա ընտրության և գնահատման փուլերում, ինչի արդյունքում հաջողակ համագործակցություն տեղի ունեցավ, որը նաև հետագայում ևս շարունակելի է:

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստանձնել է նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման գործառույթը և արդեն իսկ աջակցություն է ցուցաբերել ավելի քան 250 թիմերի ու ընկերությունների:

Ժյուրիի անդամներից պրն. Քրիստիան Շելենբերգերը Գերմանիայից ավելացրեց. ‹‹Ներկայացված արտադրանքներից որոշներն անչափ ոգևորիչ էին և որոշ ներկայացումներ հրաշալի էին և դրանք հաղթեցին: Նրանք, ովքեր չհաղթեցին, նույնպես օգուտ քաղեցին այս գործընթացից, քանի որ սովորեցին, բարելավեցին իրենց ունակությունները և արժեքավոր կապեր ձեռք բերեցին, ինչը նրանց կօգնի ավելի լավ և ավելի արդյունավետ ներկայանալ այլ մրցույթներում››:

Նշենք, որ այս ծրագրերն իրականացվում են ՁԻՀ-ի կողմից՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:

Նունե Գրիգորյան