Մեկնարկել է «360° Մեծ Հայք» նախագծի ցուցադրությունը՝ Ucom-ի աջակցությամբ

Մեկնարկել է «360° Մեծ Հայք» նախագծի ցուցադրությունը՝ Ucom-ի աջակցությամբ

Մայիսի 16-ից հունիսի 16-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կցուցադրվեն Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայկական թագավորության մշակութային հուշարձանների 360° պատկերները:

«Ucom» ընկերությունը և «360° Armenia»-ն մի կարևորագույն նախագիծ իրականացրեցին նախորդ տարվա ընթացքում, որպեսզի պարզեն, թե ինչ գիտեն սերունդները մեր պատմական հայրենիքի մասին ու կորուսյալ գանձերից որոնք են դեռ կանգուն մնացել և ինչ վիճակում են այժմ: Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն Մուշի, Վանի, Սասունի, Ուրֆայի և այլ հայտնի բնակավայրերի ճարտարապետական կառույցները: Հայ նկարիչների ու վարպետաց վարպետների մտքի թռիչքի և ձեռքի աստվածատուր տաղանդի արգասիքների ո՞ր մասն է մնացել այնտեղ՝ Արևմտյան Հայաստանում: Նկարահանող խումբը 360 աստիճան պատկերի օգնությամբ արձանագրել է մայր հայրենիքի կարևորագույն պատմամշակութային և բնության հուշարձանները:

«Համոզված լինելով, որ դժվարին, իսկ երբեմն նաև կյանքի համար վտանգավոր պայմաններում հավաքագրված ամբողջ նյութը կարող է անհրաժեշտ լինել գիտական վերլուծությունների, ուսումնասիրությունների, պատմական արխիվների համար, «Ucom» ընկերությունը հպարտությամբ է նախաձեռնել այս արշավը», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Արշավախմբի բոլոր նախաձեռնողները և մասնակիցները վստահ են, որ գալու է այն օրը, երբ այս գանձերը կվերականգնվեն ու կփայլեն իրենց նախնական վեհապանծ տեսքով միացյալ Մեծ Հայքի կազմում:

Ucom ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնում «Kilikia Tour» ընկերությանը և Հայաստանի ազգային պատկերասրահին նախագծին մեծագույն աջակցություն ցուցաբերելու համար: