911 ՍՕՍ հավելվածը կօգնի հատուկ կարիքավոր մարդկանց` դժվարին պայմաններում

911 ՍՕՍ հավելվածը կօգնի հատուկ կարիքավոր մարդկանց` դժվարին պայմաններում «911» ահազանգելու գործում: ԱԻՆ-ի թողարկած համակարգը հատկապես օգտակար է շարժական խնդիրներ ունեցող օգտատերերի, արտակարգ իրավիճակում հայտնված և տեսնելու, խոսելու կամ լսելու հնարավորությունը կորցրած քաղաքացիների համար:

Նրանք ահազանգ կատարելու համար կարող են պարզապես հպվել հավելվածի «ՍՕՍ» կոճակին, որից հետո ահազանգը կգրանցվի ԱԻ նախարարության համապատասխան ծառայությունում:

Android և iOS համակարգերով աշխատող անվճար հավելվածը ներառում է հետադարձ կապ հաստատելու հնարավորություն, ինչը թույլ է տալիս «911» օպերատորներին ավելի ճշգրիտ և ծավալուն տեղեկատվություն ձեռք բերել պատահարի վերաբերյալ՝ ստեղծված իրավիճակին համապատասխան արձագանքում կազմակերպելու նպատակով:

Ընձեռում է թիրախային իրազեկման հնարավորություն, որի շնորհիվ գրանցված բոլոր բաժանորդները կարող են միաժամանակյա տեղեկություն ստանալ տվյալ գոտում գրանցված պատահարի և անհրաժեշտ վարքականոնների ու գործողությունների վերաբերյալ:

Նախատեսում է տեղեկատվության զետեղման տիրույթներ, ուր կարելի է մուտքագրել, օրինակ, բաժանորդի առողջական վիճակի բնութագրերը՝ հիվանդության առանձնահատկությունները, արգելված ու տվյալ պահին օգտագործվող դեղորայքը և այլն:

Յուրաքանչյուր ծանուցում պարունակում է 5 պարամետր՝ օգտատիրոջ հեռախոսահամարը, հասցեն (հայտի ուղարկման ժամանակ գտնվելու վայրը), ստացման ամսաթիվը և ժամը, «ԶԱՆԳԵԼ» կոճակը «Տեսնել հասցեն քարտեզի վրա» կոճակը՝ Google-ի քարտեզ, որտեղ Կարմիր կետերով նշված են ընտրված տիպի կազմակերպությունները (հրշեջ մասեր, փրկարարական ջոկատներ, ոստիկանություն, բժշկական կենտրոններ և այլն):

Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է գրանցվել համակարգում և լրացնել ձեր մասին անհրաժեշտ տեղեկատվություն ՍՕՍ ազդանշանի ֆունկցիայի լիարժեք աշխատանքի ապահովման համար:

«ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հավելվածը մշակվել է Արտակարգ Իրավիճակների Նախարարության և ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ ընկերության համատեղ աշխատանքի շնորհիվ: