«ԲարՔեմփ Գյումրի» չկոնֆերանսը կունենա մոտ 200 մասնակից

Նոյեմբերի 10-ին առաջին անգամ Գյումրիում անցկացվող «ԲարՔեմփ Գյումրի 2012» չկոնֆերանսին արդեն գրանցվել է 152 մարդ: Այս մասին ittrend.am-ին տեղեկացրեց միջոցառման կազմակերպիչ Կարեն Տերտերյանը: Նրա խոսքով, կան շատ մասնակիցներ, ովքեր դեռ օնլայն չեն գրանցվել, սակայն անպայման ներկա են գտնվելու:

Հիշենք, որ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով  «(չ)կոնֆերանսները», որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։

«ԲարՔեմփ Գյումրի»-ի պաշտոնական բացումը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին, ժամը 10:00, Գյումրու տեխնոպարկի վերակառուցվող հիմնական շենքում: Իսկ 11:00-ից մեկնարկելու են մասնակիցների ներկայացումները՝ «ԿԱԶԱ»Գյումրի կենտրոնում: «ԲարՔեմփ Գյումրի»-ի երևանյան մասնակիցներին կազմակերպիչները հորդորում են գրանցվել մինչև նոյեմբերի 9-ը երեկոյան 17:00-ն, որպեսզի կարողանան կազմակերպել մասնակիցների մեկնումը Գյումրի: Ավտոբուսը շարժվելու է նոյեմբերի 10-ին, առավոտյան ժամը 07:30-ին Հանրապետության հրապարակից:

«Բարքեմփ Գյումրի»-ի ընթացքում անցկացվելու են հատուկ ներկայացումներ: Հիշեցնենք, որ «Բարքեմփ Գյումրի 2012»-ի պաշտոնական կայքն ՝ gyumri.barcamp.am-ը, պաշտոնական թեգը՝ #BarCampGyumri12: Գրանցվել կարելի է այստեղ:

Միջոցառման գործընկերներն են «Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը» (GEDF) և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը (KASA): Միջոցառմանը աջակցում է նաև «Բարքեմփ Երևան»-ի կազմակերպչական թիմը: Ինֆորմացիոն գործընկերն է www.ittrend.am-ը:

«ԲարՔեմփը» միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է: Առաջին անգամ այն անցկացվել է 2005թ. ԱՄՆ-ում՝ Սիլիկոնյան հովտում, ապա ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով  «չկոնֆերանսները», որոնք անցնում են ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp  «չկոնֆերանսն» անցկացվում է 2009-ից։