Google-ն աշխատում է ԱՄՆ Պետդեպարտամենտի համա՞ր

Ասանժ
Ջուլիան Ասանժ

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ Google ընկերությունը ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյին և ԿՀՎ-ին (ЦРУ) թույլ է տալիս մուտք գործել օգտագործողների էլեկտրոնային նամակների բազա:

Այս եզրակացությանն Ասանժը եկել է 2011թ. Google-ի ղեկավար Էրիկ Շմիդտի և տնօրենների խորհրդի անդամ Ջարեդ Կոենի հետ ունեցած զրույցից հետո: Հանդիպումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում: Իր գրքում Ասանժը պատմում է, որ հանդիպման գնալիս շատ զարմացել է, քանի որ իրեն դիմավորել են ոչ միայն Google-ի ներկայացուցիչները, այլև ԱՄՆ Պետդեպարտամենտի մի քանի աշխատակից:

Ասանժի «Ինչպես Google-ը գտավ WikiLeaks-ը» գիրքը իսպաներեն լեզվով լույս կտեսնի դեկտեմբերի 3-ին Մադրիդում:

Հիշեցնենք, որ Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում, որտեղ ունի փախստականի կարգավիճակ: Ամերիկյան կառավարությունը կասկածում է Ասանժին լրտեսության մեջ` WikiLeaks-ում հրապարակած գաղտնի փաստաթղթերի պատճառով:

Թարմացում. Google-ը հրաժարվել է մեկնաբանություններ տալ Ասանժի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ: