Ճապոնիայում պաշտոնապես բացվել է Ֆուձիսավա «խելացի» քաղաքը

37Ճապոնիայում տեղի է ունեցել Ֆուձիսավա «խելացի» քաղաքի բացման արարողությունը: Քաղաքը գտնվում է Տոկիոյից մեկ ժամ հեռավորության վրա. այն կառուցված է ապագայի էկոլոգիապես մաքուր, էներգախնայող քաղաքների սկզբունքներով: Նախագիծն իրականություն է դարձրել Panasonic ընկերությունը մի քանի այլ ճապոնական ընկերությունների հետ միասին, ինչպիսիք են Mitsui & Co.-ը, Accenture-ը, Tokyo Gas-ը և այլն:

Ներկայումս քաղաքում կառուցված են ու արդեն վաճառվել են հարյուրավոր տներ: Ֆուձիսավան նախատեսված է ընդհանուր առմամբ 1000 ընտանիքի համար: Այս տարածքում 60-ականներից Panasonic ընկերությունը շահագործում էր կենցաղային տեխնիկայի արտադրության գործարաններ:

Ֆուձիսավայի տները կառուցված են այնպես, որ խնայողաբար են օգտագործում էներգիան, ավելին` էներգիայի 30%-ը ստացվում է այլընտրանքային վերամշակվող աղբյուրներից: Քաղաքի բնակիչները, ովքեր չունեն ավտոմեքենա, կկարողանան վարձույթով վերցնել էկոլոգիապես մաքուր մեքենաներ: Որպես փոխադրամիջոց քաղաքում ակտիվորեն օգտագործելու են նաև էլեկտրահեծանիվներ:

Քաղաքի վերջնական կառուցումը կավարտվի 2018-ին: Նախատեսվում է տները համալրել էներգախնայող ամենաժամանակակից սարքերով ու տեխնոլոգիաներով: