Beeline-ի բաժանորդները չեն կարողանա Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ տերմինալներով վճարումներ կատարել

Beeline-ը հայտարարություն է տարածել, ըստ որի,  փետրվարի 16-ից դադարեցնում է Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունումը:

Դադարեցման պատճառ նշված է՝ բաժանորդների հանդեպ այդ ընկերությունների անհավասար միջնորդավճարային քաղաքականության դրսևորումը:

«Բջջային կապի դիմաց վճարային տերմինալների միջոցով կատարվող վճարումների ժամանակ մյուս օպերատորներից 1001 և ավել դրամ վճարումներն ընդունվում են առանց որևէ հավելյալ միջնորդավճարի, իսկ Beeline-ի  բջջային կապի դիմաց միջնորդավճարը չի պահվում միայն սկսած 10 000 դրամից»,- նշված է հայտարարությունում:

Beeline-ն առաջարկել է  Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերություններին չգանձել միջնորդավճար 1000 և ավել դրամ վճարման դեպքում: Սակայն ստացել է մերժում, ինչի արդյունքում դադարեցրել է տերմինալների միջոցով վճարումների ընդունումը:

Ընկերությունը տեղեկացնում է, որ վճարումը հնարավոր է իրականացնել ընկերության վաճառքի գրասենյակներում, բանկերում, կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով: