Ավստրիացի գիտնականները ցուցադրել են ճկուն էկրանի իրենց նախատիպը

Վերին Ավստրիայի համալսարանի (University of Applied Sciences Upper Austria) և Արտաքին մակերեսի ու ֆոտոնիկայի տեխնոլոգիական համալսարանի (Institute of Surface Technologies and Photonics) գիտնականները ներկայացրել են իրենց միացյալ նախագիծը, որը կոչվում է FlexCase:

Այն կկարողանա պաշտպանել Ձեր սմարթֆոնի մակերեսը խազերից և վնասվածքներից, սակայն դա նրա հիմնական գործառույթը չէ: Այս աքսեսուարը, որը ստացել է ճկուն E Ink տեխնոլոգիայով էկրան, կարող է հանդես գալ որպես հավելյալ էկրան: Այն ճանաչում է միանգամից մի քանի հպում և կարող է կիրառվել ամենատարբեր նպատակներով: Հատկապես ուշագրավ է այն, որ FlexCase-ն արձագանքում է ոչ միայն հպումներին, այլև թափահարմանը, ինչպես նաև տարբեր ուղղություններով ճկելուն: Այս ամենը ցուցադրված է ստորև ներկայացված տեսահոլովակում:

Ստեղծողները նախատեսել են էկրանի կիրառման երեք տեսլական. «գրքի ռեժիմ», երբ FlexCase-ն իրականացնում է հավելյալ էկրանի գործառույթ` նավիգացիայի համար, «նոութբուքի ռեժիմ», երբ աքսեսուարն իրականացնում է սենսորային պանելի դեր, իսկ երրորդ դեպքում FlexCase-ը ծալվում է սմարթֆոնի հակառակ կողմի վրա` թույլ տալով օգտատերին ղեկավարել սարքի կոնտենտը` չփակելով հիմնական էկրանը:

Հիշեցնենք, որ սա ընդամենը մեկն է բազմաթիվ այլ կոնցեպտներից, և դեռևս հայտնի չէ, թե արդյոք այն կհայտնվի շուկայում, թե ոչ:

Աղբյուրը` Media Interaction Lab