Ի՞նչ խնդիրների են բախվում հայկական ՏՏ ընկերությունները

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի անցկացրած Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հետազոտության շրջանակներում անցկացվել է հարցում, որին  մասնակցել են ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավար օղակների ներկայացուցիչները։ Հարցման նպատակն է եղել պարզել այն հիմնական խնդիրները, որոնց առնչվում են ընկերություններն իրենց գործունեության ընթացքում։

Պարզվել է, որ հարցված ընկերությունների գրեթե քառասունյոթ տոկոսը (46.8%) խնդրահարույց է համարում բարձր որակավարում ունեցող աշխատուժ ներգրավման հարցը: Հարցվածների 58.86%-ը որպես հիմնական խոչընդոտ հանդիսացող գործոն է նշել բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասը, ինչը վկայում է այն մասին, որ բարձրակարգ հմտություններով և փորձառու տեխնիկական աշխատուժի նկատմամբ պահանջարկն աճում է: Իսկ նման պահանջարկն էլ իր հերթին, բնականաբար, հանգեցնում է տեխնիկական մասնագետների վարձատրության չափի աճին: Ավելին, ուսումնասիրության ենթարկված ընկերությունների 41%-ի համոզմամբ, այս իրավիճակի համար հիմնական պատճառը ուղեղների արտահոսքն է:

Հարցված ընկերությունների կողմից ներկայացված պատասխանների համաձայն՝ հարկային և մաքսային ընթացակարգերը նույնպես խոչընդոտում են ոլորտում ընկերությունների զարգացմանը (38% և 40% համապատասխանաբար): Հարկ է նշել, որ այսպիսի կազմակերպությունների 71%-ի տարեկան շրջանառությունը փոքր է 500,000 ԱՄՆ դոլարից: Ըստ հարցվածների՝ իրենց եկամուտների զգալի մասն ուղղվում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարմանը: Ավելին` մաքսային դրույքաչափերը որոշվում են տեղական իշխանությունների կողմից:

Հիշեցնենք, որ 09.01.2015 թ. ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության այն որոշումը, որը նախատեսում է մինչև 2020թ․ հիմնված ՏՏ սթարթափներին պետական աջակցություն տրամադրել։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ շատ հարցականներ կան այս որոշման հետ կապված, քանի որ դրա մասին հանրությունն իրազեկվել է բավական ուշ։ «Ինչպե՞ս լավ պայմաններ ստեղծել ՏՏ ոլորտի համար, ո՞ր ընկերություններն են մտնում այդ ոլորտի մեջ, ի՞նչ չափանիշներից ելնելով է տրամադրվելու աջակցությունը, ի՞նչ պայմաններով… Այս հարցերին, հուսանք, կստանանք պատասխաններ ենթաօրենսդրական ակտերի միջոցով: Սա, իհարկե, ողջունելի չէ: Օրենքը քննարկվում է ԱԺ-ում, հնչում են ընդդիմադիր կողմերի կարծիքները, առանձին դեպքերում կազմակերպվում են լսումներ, և հանրությունը տեղեկանում է հարցի էության մասին: Իսկ ենթաօրենսդրական ակտերը կազմում են պետական ծառայողները, որոնք հաշվետու են միայն իրենց անմիջական ղեկավարի առաջ: Այստեղ ցանկալի են ավելի բաց քննարկումներ, հանրության ավելի լայն ներգրավվածություն»,-նշեց պարոն Սաղյանը։

Վերադառնալով անկացված հարցմանը՝ նշենք, որ հարցված կազմակերպությունները խնդիրների շարքում շեշտել են, որ ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը, ինչպես նաև պետական և հասարակական կազմակերպությունների կողմից աջակցության պակասը խոչընդոտում են հայկական ծրագրային ապահովման և ծառայությունների ոլորտի աճին։ Ընտրանքում ներառված կազմակերպությունների՝ համապատասխանաբար քառասուներեք (43) երեսունինը (40) տոկոսը շեշտել են այսպիսի արգելքների առկայությունը:

Հարցված կազմակերպությունների մոտ քսան տոկոսը (18.98%) ունի միջազգային շուկա մուտք գործելու հետ կապված խնդիրներ: Ինչպես նշել են հարցման մասնակիցները, այս խնդրի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ բազմաթիվ միջազգային գործընկերներ տեղյակ չեն Հայաստանի մասին կամ պարզապես չեն վստահում ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրի ներկայացուցչին: Հարկ է նշել, որ հարցված ընկերությունների մոտ 6 տոկոսի կողմից որպես խնդիր նշվել է անհստակ հարկային օրենսդրությունը, մինչդեռ դրա մասին հարցազրույցը վարողները հարց չեն տվել: Հատկանշական է, որ 2014 թվականի ՏՀՏ հետազոտությանը մասնակցած ընկերություններից ընդամենը 2%-ն է նշել կրթության ցածր մակարդակի հետ կապված խնդիրների մասին, իսկ գրեթե 3%-ը որպես բիզնեսի զարգացման խոչընդոտ նշել է շուկայի հագեցվածության և իրենց փոքր մասշտաբների հետ կապված խնդիրները: