Հայտնի են «Բաց խաղ» առաջնության հաղթող նախագծերը

Հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի 5-րդ հոբելյանական առաջնությունը: «Բաց խաղ» 2015-ը միավորել էր Հայաստանի խաղային ինդուստրիայի սիրահարների, սկսնակ և փորձառու մասնագետների, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և այլ հյուրերի:

Այս տարի համակարգչային և բջջային խաղերի առաջնության մասնակից 30 նախագծից եզրափակիչ փուլ անցան և ցուցահանդեսին ներկայացվեցին 10-ը:

Դավիթ Մկրտչյանի Drift Rivals խաղը հաղթող ճանաչվեց «Լավագույն 3D խաղ», իսկ Marimba թիմի Space  խաղը՝ «Լավագույն տեխնիկական լուծում» անվանակարգում: Այս խաղերի հեղինակներն առաջնության գործընկեր Huawei ընկերության կողմից ստացան բջջային հեռախոսներ:

Գյումրիից Digital Pomegranate թիմը իր PlayLand Armenia նախագծով հաղթեց միանգամից երկու`«Լավագույն 2D խաղ» և «Լավագույն դիզայն»  անվանակարգերում: PlayLand Armenia-ն առաջին առցանց խաղահրապարակն է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ մանուկների համար: Հավելվածը վիրտուալ աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել և շփվել միմյանց հետ: Այն նախատեսված է 5-10 տարեկան երեխաների համար և անկախ լեզվական գիտելիքներից հնարավորություն է տալիս բազմազան խաղերի միջոցով ուսումնասիրել հայոց լեզուն ու մշակույթը:

«Ատոմ» թիմի Versus խաղն արժանացավ «Հատուկ մրցանակի»: Խաղն իրենից ներկայացնում է Shooter` Team Deathmatch ոճով, որի իրադարձությունները տեղի են ունենում Երևան քաղաքի փողոցներից մեկում։

«Լավագույն կրթական խաղ» անվանակարգում հաղթեց Այգեկի բնակիչ Վանիկ Սարգսյանը՝ իր «Միլիոնատեր» նախագծով:

Համակարգչային և բջջային խաղերի առաջնության այցելուների քվեարկության արդյունքում առավել շատ ձայներ ստացավ Versus խաղը, որն էլ արժանացավ «Ժողովրդական մրցանակ» տիտղոսին:

Առաջնության հաղթող մասնակիցները ստացան գումարային պարգևատրումներ, իսկ  Օրանժ Արմենիան անակնկալ մատուցեց 3 երիտասարդների՝ հնարավորություն ընձեռելով մասնագիտական վերապատրաստում անցնել ընկերությունում և ուղղակիորեն ներգրավված լինել պրոֆեսիոնալ թիմերի աշխատանքին:

Նշենք, որ «Բաց խաղ» առաջնության մասնակիցներն իրենց նախագծերը զարգացրել են փուլ առ փուլ՝ պրոֆեսիոնալ ժյուրիի օգնությամբ: Այս տարի ժյուրիի կազմում ընդգրկված էին առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ մասնավորապես՝ Triada Studio, PicsArt, X-TECH, Underwater apps, ViViFi, Frismos, Plexonic,  ԻՏՁՄ և  Օրանժ Արմենիա ընկերություններից:

Առաջնության շրջանակներում ստեղծված խաղերը կարելի է գտնել ինչպես opengame.am կայքում, այնպես էլ Google Play-ում և App Store-ում:

Հավելենք, որ «Բաց խաղ» առաջնության նպատակն է բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, զարգացնել հայկական խաղային ինդուստրիան, նպաստել ՏՏ ոլորտում «Արտադրված է Հայաստանում» բրենդի զարգացմանը: «Բաց խաղ»  առաջնությունը 5 տարի անընդմեջ  կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Օրանժ Արմենիա ընկերության համատեղ ջանքերով: Այս տարի մրցույթի գործընկերն է նաև Huawei ընկերությունը: