Ինտերնետի վնասների մասին

social-disconnectԱյսօր գրեթե չկա մարդու գործունեության մի ոլորտ, որտեղ չի օգտագործվում կամ ազդեցություն չունի ինտերնետը։ Սակայն միշտ չէ, որ այդ ազդեցությունը դրական է․․․

Մի քանի տասնամյակ առաջ, երբ ինտերնետը ապագայի հեքիաթ ու երազանք էր, թվում էր, թե այն միայն դրական փոփոխություններ կբերի․․․ Միասնական տեղեկատվական ցանց, որից կարող է օգտվել ցանկացած մարդ։ Լավ է հնչում, սակայն հարցականները շատ են․ արդյո՞ք ինտերնետն  այսօր ունի այն օգտակարությունը, որը պատկերացնում էինք մի քանի տարի առաջ։

1. Մրցակցության փոխարեն՝ մենաշնորհ։ Մենք ակնկալում էինք ունենալ մրցակցության ազատ գոտի, սակայն արդյունքում ունենք մենաշնորհային դիրք գրավող Google, Amazon ու Apple, որոնք կենտրոնացրել են իրենց ձեռքում հսկայական ուժ ու միջոցներ, ու նրանց հետ մրցելը ժամանակի անիմաստ կորուստ է։ Եվ երբ հայտնվում է թարմ ու ոչ ստանդարտ մի պրոյեկտ, մի քանի ամիս անց այն գնվում է ինտերնետ-հսկաներից մեկի կողմից։

2. Նոր աշխատատեղերի փոխարեն՝ անգործություն։ Ինչքան տեխնոլոգիաներն ավելի խելացի են դառնում, այնքան ավելի հեշտ են փոխարինում մարդկանց, ու շատ մասնագիտություններ պարզապես կորցնում են իրենց արդիականությունը։

3. Անձնական գաղտնիության ու մասնավոր կյանքի ոչնչացում։ Այսօր ոչ մեկի քայլը չի անցնում առանց ուշադրության ու ֆիքսվելու։ Ոչ մի նամակ, ոչ մի փաստաթուղթ ու նկար։ Դրանք միշտ էլ հասանելի կլինեն հետաքրքրվողներին։

4. Հավասարության փոխարեն՝ ևս մեկ անարդար անվահասարություն։  Թվային տեխնոլոգիաները խոստանում էին հավասարություն բոլորի համար, սակայն տեխնոլոգիապես զարգացած երկրներն ավելի են հարստանում, իսկ զարգացող երկրներն այդպես էլ չեն կարողանում մասնակցել այս մրցակցությանը։

5. Մշակութային վերածննդի փոխարեն՝ երաժշտության, գրքերի ու արվեստի ոչնչացում։ Առաջին հարվածը հասցրեց ամեն ինչ անվճար հասանելի դարձնող ինտերնետը։ Ցանկացած մարդ, ով ունի համակարգիչ ու ինտերնետ, կարող է տարածել ցանկացած սևագրություն ու էլ ավելի դժվարացնել արժանի գրականություն որոնելը։

6. Յուրաքանչյուր անհատականության հանդեպ ուշադրության փոխարեն՝ ամբոխի իշխանություն։ Բոլորն այսօր կարծիք են արտահայտում, վիճում, մեկնաբանում, սակայն ընդհանուր առմամբ այդ ամբոխից ոչ մեկի ձայնն էլ չի լսվում։

7. Կրթության փոխարեն՝ երիտասարդության բթացում։ Google-ը գիտի ամեն հարցի պատասխանը, ինչու սովորել, եթե ամեն ինչ արդեն կա ինտերնետում՝ անվճար ռեֆերատներ, դիպլոմային աշխատանքներ։

8. Գիտելիքների փոխարեն՝ կասկած։ Ցանկացած թեմայով այսօր ինտերնետում կարելի է գտնել մեծ ծավալով ինֆորմացիա, որը շատ հաճախ վիճելի է։ Արդյունքում դժվար է կողմնորոշվել՝ որ կայքն է հավաստի տեղեկություններ տարածում։

9. Տնտեսական աճի փոխարեն՝ տնտեսության թուլացում։ Ինտերնետում այսօր կան գրքերի, իրերի, ծառայությունների փոխանակման շատ ծառայություններ, ծնվել է նույնիսկ տնտեսության նոր ճյուղ, որը կոչվում է Sharing economy: Արդյունքում սպառողների շուկան նվազում է, արտադրությունը կրճատվում։

10.Ազատության փոխարեն՝ ստրկություն։ Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս մեզ աշխատել ցանկացած վայրից ու ցանկացած ժամանակ։ Առաջին հայացքից սա շատ լավ է, սակայն այսպես մենք չենք կարողանում հստակ տարանջատել հանգստի և աշխատանքային ժամերը։ Մենք միշտ հասանելի ենք, ու ամեն վայրկյան կարող են տրվել նոր առաջադրանքներ։

Այո, ինտերնետն այսօր այնպիսին չէ, ինչպիսին մենք պատկերացնում էինք։ Թվային այս թագավորությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով դարձնում է մեզ ավելի խոցելի, աղքատ ու․․․ Գործընթացը դեռ նոր է սկսվել, և անհայտ է, թե դեպի ուր է տանում մեզ այն։

Աղբյուրը՝ http://www.groveatlantic.com/