TSD ընկերությունը կհամագործակցի կառավարության հետ

Technology and Science (TSD) ընկերությունը կհամագործակցի կառավարության հետ: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ կառավարության և «Թեքնոլոջի Էնդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության միջեւ տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվայնացման, հեռահաղորդակցության եւ ինովացիոն ոլորտների խթանման մասին» փոխըմբռնման հուշագրին:

Հուշագրով նախատեսվում է պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի հիման վրա իրականացնել զարգացման ծրագրեր հետևյալ ուղղություններով`

  • ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքների ստեղծում
  • ֆինանսական գործիքների ներդրում,
  • ձեռներեցության խթանում
  • կարողությունների զարգացում և արտադրողականության բարձրացում
  • ՏՏ մասնագետների պատրաստում
  • օտարերկրյա ներդրումների խթանում:

«Նախագծի նպատակն է նաև օգտագործել և ներգրավել սփյուռքի մարդկային եւ կառուցվածքային ռեսուրսները, առկա ներուժը Հայաստանի կողմից միջազգային հարթակներին առավել արդյունավետ ինտեգրվելու ճանապարհին, ինչպես նաև ներդրումների խթանման, անդրազգային ընկերությունների ներգրավման եւ մարդկային ռեսուրսների զարգացման գործում»,- նշել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում ստեղծել ներկայացուցչություններ: