Հեռահար աշխատանք և «Օլիմպիական խաղեր 2012»

Տանը աշխատող մարդիկ ժամանակ չեն ծախսում աշխատանքի վայր հասնելու և վերադառնալու համար, ավելի քիչ են ընդհատվում գործից, աշխատում են ավելի երկար և գրեթե չեն բացակայում: Հեռահար աշխատանքի համար անհրաժեշտ է լինել ցանցին միացված և ունենալ հեռախոս: Այս կերպ հնարավոր է աշխատել գրեթե ամենուր և ցանկացած ժամի:

Նման աշխատանքի համար ցանկացած ընկերություն, նախևառաջ, պետք է ապահովի ցանցային ճիշտ ենթակառուցվածքներ՝ տվյալների արագ և անվտանգ փոխանցում: Տարբեր միջավայրերում աշխատակիցն օգտագործում է  տարբեր սարքեր, որոնք հնարավոր չէ կառավարել և վստահ լինել, որ աշխատանքային նյութերը ջնջվել են օտար համակարգչից: Cisco  ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ նախագծում է համատեղ աշխատանքի տեխնոլոգիաներ և առաջարկում է մի շարք լուծումներ:

Դրանցից մեկը օնլայն՝ «101 պատճառ…աշխատանքի չգնալու» խաղն է: Այն կօգնի ընկերությունների ղեկավարներին պարզել, թե աշխատակիցներից ո՞վ իսկապես ունի աշխատանքից բացակայելու անհետաձգելի պատճառ և թե ո՞վ է պարզապես փորձում «փախչել»:

Այս խաղը գալիք «Օլիմպիական խաղեր 2012»-ի ժամանակ կօգնի բրիտանական ընկերությունների ղեկավարներին հասկանալ, թե ինչպե՞ս վարվել, երբ բոլոր աշխատակիցները ցանկություն հայտնեն բացակայելու, տնից աշխատելու և ինչպե՞ս ընտրել նրանց, ում պետք է պատասխանել «ոչ»:

«Օլիմպիական խաղեր 2012»-ին ամեն օր Լոնդոն են այցելելու 800 հազ. մարդ, ինչը ենթադրում է խցանումներ, ուշացումներ և այլ խնդիրներ: Հետևաբար կավելանան աշխատողների բացակայությունները, արձակուրդները և տանը աշխատելու խնդրանքները: Կլինեն շատերը, ովքեր աշխատանքային ժամին օնլայն օլիմպիական մրցումներ կդիտեն, ինչի հետևանքով կորպորատիվ ցանցերը կծանրաբեռնվեն և կսկսեն դանդաղ աշխատել: Այս իրավիճակներում, միայն հզոր ցանցային ենթակառուցվածք ունենալու դեպքում է հնարավոր խուսափել ցանցային խափանումներից և պահել աշխատանքի արդյունավետությունը: