«Սթար Դիվայդ» ՓԲԸ (ՍԹԱՐ առևտրային ցանցը) և «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում են երկարատև համագործակցության մասին:
Համագործակցության շրջանակում ՍԹԱՐ ցանցի սուպերմարկետներում կբացվեն Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ, որտեղ մեր հաճախորդները կարող են ստանալ «ԱրմենՏել» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ողջ շրջանակը: ՍԹԱՐ սուպերմարկետում` Ավետիսյան 48/1 հասցեում, արդեն գործում է Beeline առաջին գրասենյակը: Մոտ ապագայում կբացվեն նոր գրասենյակներ ՍԹԱՐ ցանցի մյուս սուպերմարկետներում նույնպես:
Համագործակցության շրջանակում ստեղծվել է ՍԹԱՐ ցանցի նոր կոմերցիոն տեղեկատվական կենտրոն (call-center): Զանգահարելով «8090» համարին ՍԹԱՐ-ի հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն ՍԹԱՐ սուպերմարկետների աշխատանքային ժամերի և հասցեների, անցկացվող ակցիաների, հատուկ առաջարկների, այս կամ այն ապրանքի առկայության, տարադրամի փոխարժեքի մասին և այլն: Այս ամենից բացի հաճախորդները կարող են հայտնել իրենց ցանկություները կամ առաջարկությունները, իմանալ թե որքան է կազմում հաշվեկշիռը իրենց ՍթարՔարտ կուտակային քարտի վրա:
«Ծառայությունների սիներգիան հանդիսանում է համաշխարհային պրակտիկայի ժամանակակից միտումներից ինչպես հարմարավետության, այնպես էլ ռեսուրսների արդյունավետ կառավարման տեսանկյունից: Մեր տեխնոլոգիաները և երկրում ամենամեծ սուպերմարկետների ցանցերից մեկի ՍԹԱՐ-ի աշխատանքային փորձը թույլ են տալիս հաճախորդների սպասարկումը հասցնել նոր մակարդակի: ՍԹԱՐ առևտրային ցանցն այժմ մեր ռազմավարական ընկերն է, և մենք դա համարում ենք մեծ ձեռքբերում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր Տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում ՍԹԱՐ առևտրային ցանցի ընդլայնմանը զուգընթաց, օրեցօր ավելանում է ցանցի հաճախորդների թիվը: Հաճախորդների արագ և արդյունավետ սպասարկումը մեր առաջնային խնդիրներից է: Call center ծառայության կազմակերպման հարցում «ԱրմենՏել» ընկերության ընտրությունը, հիմնված էր վերջինիս` խոշոր ընկերությունների հետ աշխատելու մեծ փորձի, ինչպես նաև նրանց կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների վստահությամբ»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վ. Քերոբյանը:
Beeline Ֆիքսված ցանցից 8090 կարճ համարին զանգն անվճար է: Beeline բջջային ցանցի համարներից զանգը տարիֆիկացվում է բաժանորդի սակագնային փաթեթի համապատասխան (զանգ ֆիքսված հեռախոսահամրին): Այլ համարներից զանգի մեկ րոպեի արժեքը անհրաժեշտ է պարզել համապատասխան օպերատորից:
ՍԹԱՐ Call center թույլ է տալիս միավորել տեղեկատվական ամբողջ ծավալը` ժամանակակից հեռահաղորդակցական սարքավորում օգտագործելով: Կենտրոնում ներդրված է AVAYA տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հարցումները դասակարգել ըստ թեմաների` հաճախորդների հետ աշխատանքը դարձնելով ավելի արդյունավետ: Բացի այդ, այս տեխնոլոգիան թույլ է տալիս օգտվել ոչ միայն օպերատորների ծառայություններից, այլև հաճախորդի ցանկությամբ` սպասարկման ավտոմատացված համակարգից: