Գաջեթներ, որոնք հետևում են Ձեր առողջությանը

Fitbit Flex և Jawbone Up թևնոցներ

Jawbone Up

Կրելի համակարգիչները, այդ թվում՝ ժամացույցները և թևնոցները հայտնվել են շատ ընկերությունների ուշադրության կենտրոնում: Դրանք հիմնականում նպատակ ունեն օգնել օգտագործողին մարզվելիս՝ կատարելով բժշկի և մարզչի դեր: Fitbit Flex և Jawbone Up թևնոցները կարողանում են հետևել օգտագործողի քնի փուլերին և որոշել՝ որքան արագ քնեց նա, ինչքան երկար քնեց, քանի անգամ արթնացավ և ինչպես փոխվեցին քնի արագ ու դանդաղ փուլերը: Խելացի զարթուցիչի շնորհիվ Jawbone Up-ն ինքնուրույն որոշում է՝ երբ արթնացնել մարդուն, որպեսի նա արթնանա առույգ և հանգստացած: Իսկ Fitbit Flex-ն ունի սովորական զարթուցիչ և արթնացնում է օգտագործողի նշած ժամին:

Google Glass «խելացի» ակնոց

google_glass

Այս սարքի մասսայական թողարկումը սպասվում է ս.թ. ապրիլին: Այն ունենալու է օգտագործողի սրտի աշխատանքին հետևելու ֆունկցիա, որը օգտագործելու համար անհրաժեշտ կլինի տեղադրել հատուկ հավելված:

Garmin սրտի աշխատանքին հետևող սարք

garmin

Սրտի աշխատանքի սենսորները (heart rate monitor) շատ հարմար են հատկապես նրանց, ովքեր ունեն սրտանոթային խնդիրներ: Այն գաջեթները, որոնք ունեն նման սենսոր, ձայնային ազդանշանով զգուշացնում են վտանգավոր իրավիճակների մասին: Կան նաև այդպիսի ջրակայուն մոդելներ:

Օրինակ՝ Garmin սենսորը համատեղելի է և Garmin սպորտային ժամացույցի, և Garmin նավիգատորի հետ:

Խելացի կոնտակտային լինզա

lens

Google ընկերությունն այժմ զբաղվում է «խելացի» կոնտակտային լինզաների մշակմամբ,որոնք կարողանում են հետևել արյան մեջ գլյուկոզայի քանակին՝ արցունքի քիմիական բաղադրության միջոցով: Այս լինզաները նախատեսված են շաքարային դիաբետ ունեցող մարդկանց համար:

Ընկերությունը նաև աշխատում է այդ լինզաներում լուսադիոդներ տեղադրելու ուղղությամբ, որպեսզի վտանգի դեպքում դրանք լույսով նախազգուշացնեն օգտագործողին:

Խելացի բազկաթոռ

ford

Ford ընկերությունը 2013-ի հոկտեմբերին ներկայացրեց ավտոմեքենայի բազկաթոռի կոնցեպտ, որը կարողանում է հետևել վարորդի և ուղևորների սրտի աշխատանքին, ինչպես նաև արյան մեջ գլյուկոզային քանակին: Նման նստարանների նախատիպեր օգտագործվում են Ford S-MAX կոնցեպտում: Այս համակարգում օգտագործվում է 6 ներդրված սենսոր: Հավաքված տվյալները մշակվում են ավտոմեքենային համակարգչի կողմից, արդյունքում այն հայտնաբերում է վտանգավոր իրավիճակները: