Ինչպես խնայել սմարթֆոնի մարտկոցի էներգիան

smartphone batteryՄարտկոցը ժամանակակից սմարթֆոնների, թերևս, ամենախոցելի կողմն է. արտադրողներն օրեցօր ձգտում են ավելացնել սմարթֆոնների պրոցեսորի հզորությունն ու էկրանի հստակությունը, սակայն դրանց բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ է հզոր մարտկոց, որը ֆիզիկապես չի տեղավորվում բարակ սմարթֆոնների մեջ: Արդյունքում ներկայիս սմարթֆոնների մարտկոցները բավականացնում են մեկ աշխատանքային օր:

Իսկ թե ինչ անել՝ մարտկոցի էներգիան խնայելու համար, կարդացեք հաջորդիվ:

1. Եթե Ձեզ անհրաժեշտ չէ, որպեսզի ինտերնետն ամբողջ օրը միացված լինի, ապա կարող եք անջատել 3G-ն: Մանավանդ, որ սովորական GPRS-ը բջջային ինտերնետի համար բավական է: 3G-ն անջատելու համար մուտք գործեք կարգավորումներ և ընտրեք ‘’Միայն GSM” կամ “Միայն 2G”:

2. Եթե անհրաժեշտությունը չկա, ապա անջատեք Bluetooth-ը, Wi-Fi-ը: Android-հեռախոսների համար կա Llama ծրագիրը, որը թույլ է տալիս անջատել կապը ավտոմատ կերպով, օրինակ՝ տանից դուրս գալիս:

3. Անջատեք էկրանի պայծառությունը. սա ամենաշատն է խլում մարտկոցի էներգիան: Անջատեք ավտոմատ լուսավորության ֆունկցիան և լուսավորությունն իջեցրեք նվազագույնի:

4. Անջատեք ավտոմատ սինքրոնիզացիան, որպեսզի Ձեր կոնտակտները, օրացույցի նշումներն ու մեդիաֆայլերն անընդհատ չսինքրոնիզացվեն ամպային ծառայությունների հետ: Ավելի լավ է ժամանակ առ ժամանակ այն միացնել, երբ կա դրա անհրաժեշտությունը:

5. Անջատեք GPS-ծառայությունը: Շատ ծրագրեր օգտագործում են այս մոդուլը Ձեր գտնվելու վայրը պարզելու համար: Այնպես որ եթե տյվալ պահին չեք օգտագործում քարտեզներ, ապա GPS-ը միայն էներգիա կխլի:

6. Գլխավոր էկրանին մի օգտագործեք անիմացիոն նկարներ, դրանք մեծ էներգիա են խլում: Որոշ հեռախոսներ, որոնք ունեն AMOLED էկրաններ, ավելի քիչ էներգիա են խլում, եթե որպես գլխավոր նկար օգտագործվում է մուգ գույներով նկար:

7. Օգտագործեք հնարավորինս քիչ վիջեթներ, քանի որ գլխավոր էկրանին գտնվելով՝ դրանք անընդհատ մշակում են ինֆորմացիա և զգալի էներգիա օգտագործում:

8. Անջատեք էկրանի ավտոմատ պտտվելը: Սմարթֆոնի դիրքին հետևելու համար նույնպես շատ էներգիա է ծախսվում:

9. Անջատեք վիբրացիան, եթե միացված է ձայնային ազդանշանը:

10. Android-հեռախոսներում հնարավոր է հետևել, թե որ հավելվածներն են ամենից շատ էներգիա օգտագործում: Ըստ այդմ կարող եք պարզել՝ որ ծրագրերն օգտագործել, որոնք՝ ոչ:

11. Օգտագործեք մարտկոցի էներգիան խնայող հատուկ ծրագրեր, որոնք օպտիմիզացնում են հեռախոսի աշխատանքը 20 կամ 30 տոկոսով: