ՀՀ հեղինակային իրավունքի օրենքի նախագիծը կքննարկվի հասարակությունում

Copyright orenqԱյսօր «Հեղինակային իրավունքի պաշտպանությունը և կիրառումը՝ գլոբալ տնտեսությունում մրցունակ լինելու համար» թեմայով մամուլի ասուլիսին հանդես եկան Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի Գործարար միջավայրի բարելավման բաղադրիչի ղեկավար Ջոն Դոնսը և Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը:

2013թ. հոկտեմբերից ԻՏՁՄ-ն շահերի պաշտպանության և բիզնեսի խթանման նպատակով ձեռնամուխ է եղել նոր ծրագրի իրականացմանը` «Հանրային շահերի պաշտպանություն և հանրային քարոզարշավ` հեղինակային իրավունքի օրենքի նախագծի ընդունման նպատակով», որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության  («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի կողմից:

«Ծրագրի ռազմավարական նպատակն է ապահովել հեղինակային իրավունքի մասին օրենքի համակողմանի ընդունումը, ինչը Հայաստանում կստեղծի բարենպաստ միջավայր հեղինակային իրավունքների պաշտպանության համար՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու նորարարությունը: Ծրագիրը կտևի 7 ամիս, որի ընթացքում հեղինակային իրավունքների պաշտպանության վերաբերյալ կիրազեկվեն ոչ միայն Երևանի քաղաքացիները, այլև մարզերի բնակիչները»,- նշեց Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի Գործարար միջավայրի բարելավման բաղադրիչի ղեկավար Ջոն Դոնսը:

«Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը կարևոր է Հայաստանի համար՝ գլոբալ տնտեսությունում մրցունակ լինելու նպատակով: Այդ իսկ պատճառով մենք ցանկանում ենք, որ հեղինակային օրենքի նախագիծը քննարկվի հասարակության լայն շրջանակներում, համապատասխան արձագանք ստանա և այնուհետև ներկայացվի ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը»,- նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

2013թ. ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրը ձեռնամուխ է եղել հեղինակային իրավունքի մասին նոր, արդիական և ԵՄ ստանդարտներին համապատասխան օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Նախագիծն ամրագրում է տեղացի և օտարերկրյա հեղինակների և մտավոր աշխատանքի արդյունք ստեղծողների հեղինակային իրավունքի պաշտպանությունը և համահունչ է ՀՀ կառավարության ռազմավարությանը: Այն Եվրամիության հետ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների գործընթացի ապահովման նպատակով կառավարության կողմից իրականացվող միջոցառումների մասն է կազմում:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն մի շարք միջոցառումներ ուղղված հեղինակային իրավունքի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակի լրամշակմանն ու ընդունմանը, այդ թվում ներկայացվող առաջարկությունների վերաբերյալ ամփոփագրերի պատրաստում, շահագրգիռ կողմերի հետ հանրային ներկայացումների, լսումների և քննարկումների կազմակերպում, զանգվածային լրատվամիջոցների ներգրավում, շահառուների և պետական մարմինների մասնակցությամբ հանրային բանավեճերի կազմակերպում և այլն: