ԱԺ-ն քննարկում է բջջային կապի վերահսկողություն սահմանելու օրինագիծը

Կառավարությունը Ազգային ժողով է ուղարկել օրենքների մի փաթեթ, համաձայն որի գործադիրը պետք է հնարավորություն ստանա հասանելիություն ունենալ քաղաքացիների հեռախոսային մետատվյալներին:

Ի՞նչ է դա

Օրենքն ընդունվելու պարագայում բջջային օպերատորները պարտավորվում են տրամադրել քաղաքացիների զանգերի մասին տվյալներ՝ ե՞րբ է զանգել մի քաղաքացին մյուսին, ու որքան է տևել հեռախոսային խոսակցությունը: Վերահսկվելու է նաև SMS նամակագրությունը: Ֆիքսվելու է միայն զանգերի ելքերը, մուտքերն ու տևողությունը: Խոսակցությունների բովանդակության մասին օրինագծում ոչինչ չկա ասված: Նույն օրենքով վերահսկողություն է սահմանվելու նաև քաղաքացիների տեղաշարժի վրա՝ GPS համակարգով: Քաղաքացիներին պարտավորեցնելու են նաև իրենց սմարթֆոններում ներբեռնել ու միշտ հասանելի պահել հատուկ հավելված (թե ինչ հավելվածի մասին է խոսքը,ոչինչ չի ասվում), որի միջոցով ավելի հեշտ կլինի վերահսկել քաղաքացիների տեղաշարժը: 

Քննարկման ժամանակ թե՛ընդդիմադիր, թե՛իշխող կուսակցության պատգամավորները նշեցին, որ նախագիծն ավելի քան ուշացած է: Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ այն ռեսուրսները, որոնք ծախսվելու են այս օրինագիծը կյանքի կոչելու համար, կարելի է ծախսել թեստերի ու շնչառական ապարատների գնման համար:

Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին անհանգստացնում է այդ տվյալների հետագա ճակատագիրը: Բանն այն է, որ կա երկու տեսակի տվյալ՝անձնավորված ու ապաանձնավորված: Ըստ օրինագծի հետագայում կարող են պահպանվել միայն ապաանձնավորված տվյալները՝ հետագայում վիճակագրություն վարելու համար: Սակայն այդ նույն ապաանձնավորված տվյալները յուրաքանչյուր պահի հնարավոր է վերածել անձնավորված տվյալների:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով, նման սահմանափակումներ կարող են մտցվել միայն համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, մնացած բոլոր տեսակի շահարկումները ենթական են քրեական պատասխանատվության: Շահարկումներից խուսափելու ինչ երաշխիքներ կան՝ հստակեցված չէ. ոչ օրինագծում կա որևէ խոսք, ոչ էլ նախարարը պատասխանեց:

Մինչ խորհրդարանի արտահերթ նիստի սկսվելն այս մասին առաջինն արձագանքեց Beeline ընկերության նախկին իրավաբան Դավիթ Սանդուխչյանը: Նրա խոսքով, այս օրինագիծը որևէ կերպ չի կարող օժանդակել համաճարակի տարածման կանխմանը, փոխարենը կարող է  մի շարք այլ խնդիրներ առաջացնել:

https://www.facebook.com/100008745964936/videos/2272035569764620/

Օրինագծում բերվում է միջազգային փորձի օրինակը, սակայն կիրառման ձևերը ռադիկալ տարբերվում են: Օրինակ, Իսրայելում, որը երբեք էլ աչքի չի ընկել խիստ ժողովրդավար գործելաոճով, այս մեթոդը կիրառում են, որպեսզի քաղաքացիներին, ընդ որում յուրաքանչյուրին անհատական մակարդակով, տեղեկացնեն, որ իրենք շփվել են ռիսկի գոտում գտնվող անձանց հետ, ու լավ կլինի, որ բժշկական հետազոտություն անցնեն: Հայաստանի Կառավարությունը ոչ միայն չի փորձում որևէ կերպ որևէ տեղեկություն հաղորդել, այլ միայն հետևելու է տեղաշարժին ու անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկի:

Դավիթ Սանդուխչյանի խոսքով, նման տվյալների հավաքագրումն ու պահումը հետագայում լուրջ խնդիրներ կարող է առաջացնել տոտալ վերահսկողության տեսանկյունից: Նույն կարծիքին է նաև տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը.

«Սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։Երկրորդը. Հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման նկատմամբ։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»:

https://www.facebook.com/samvel/posts/10158131400608781

Քննարկումների արդյունքում որոշեցին, որ ինչ-որ կետեր՝ տվյալների պահպանման վերաբերյալ, կհանեն առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ:

Օրինագիծը կյանքի կոչելու համար հարկավոր են լինելու շատ մեծ ռեսուրսներ, քանի որ ընդամենը մեկ ընկերություն ունի համապատասխան սարքավորումներ, որպեսզի բոլոր երեք օպերատորներից կարողանա հավաքագրել ու վերլուծել տվյալները: Նման մեծ քանակությամբ պատվերն էլ աննախադեպ է:

Ավելի վաղ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ունենք թեստերի դեֆիցիտ ու դրանք կիրառվում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, դրանից հետո էլ նախարարը հայտարարեց, որ հնարավոր է ունենան արհեստական շնչառական սարքերի դեֆիցիտ: Իսկ գումարները ծախսվում են հավելյալ վերահսկողության գործիքների վրա: