Ալեքսիս Օհանյանը մասնակցել է իր գրքի երևանյան շնորհանդեսին

Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Առանց թույլտվության» գրքում խորհուրդ է տալիս այս կամ այն գաղափարն իրագործելու համար չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

«Այս նախաձեռնությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ ես առցանց  իմ ծրագրերն իրականացրեցի` առանց թույլտվության: Ցանկանում եմ, որ մարդիկ ավելի նախաձեռնող լինեն ու կատարեն քայլեր` չսպասելով այլոց թույլտվությանը: Համացանցն ու առցանց գործիքներն այդ հնարավորությունն ընձեռում են բոլորին»,-շեշտել է Ալեքսիս Օհանյանն ու խոստովանել, որ, այնուամենայնիվ, իր համար այնքան էլ դյուրին չի եղել գիրք գրելը: «Ես մեկ շաբաթ փակվեցի տանը, որտեղ չէի կարող օգտվել համացանցից և հենց այդ մեկ շաբաթվա ընթացքում գրեցի գրքի մեծ մասը»,-պատմել է նա:

Գրքի թարգմանիչ Աննա Միրզոյանը նշել է, որ գրքում իրական հերոսներ են և իրական պատմություններ: «Հիմնականում անդրադարձ է արվում  ձեռնարկատերերին և ստարտափներին, սակայն նախաձեռնողականությունը միայն ձեռնարկատերերին չէ  բնորոշ: Խոսվում է նաև երիտասարդների մի խմբի մասին, որոնք դեմ էին համացանցի ազատության սահմանափակմանը: Միավորվելով` նրանք հենց համացանցի օգնությամբ կարողանում են պայքարել համացանցի սահմանափակումներին վերաբերող  օրինագծերի դեմ»: